Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին և բանակցություններ կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Այդ մասին ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
«Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»,-նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Հայաստանին և այժմ պատասխանի է սպասում։ Բայրամովը, սակայն, խոսել էր միայն սահմանազատման և սահմանագծման կետի մասին՝ չբացահայտելով մյուսների բովանդակությունը։
Մարտի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը` Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Ադրբեջանն օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, Հայաստանին է փոխանցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իր տեսլականը․ «Դրանով Ադրբեջանը , մեծ հաշվով, փորձում է փոփոխել վերջին առնվազն 15 տարվա ընթացքում բանակցային սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները։ Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքների փոխարեն առաջ է քաշում իր սեփական սկզբունքները։ Ի դեպ նշեմ, որ Ադրբեջանի արտգործնախարարությունն արդեն իսկ հրապարակել է այդ սկզբունքները և որևէ անակնկալ այդ հրապարակման մեջ չկա։ Խոսքն իհարկե գնում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, սահմանների անքակտելիության, միմյանց ինքնիշխանության նկատմամբ թշնամական գործողություններ չկիրառելու մասին։ Այսինքն՝ ադրբեջանը փորձում է արձանագրել այն ստատուս-քվոն, որն արձանագրել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ի՞նչ է նշանակում Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանը․ «Տեսնում ենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն իր պատասխանի մեջ հղում է կատարում Հելսինկյան Եզրափակիչ ակտին, որը հիմք է հանդիսացել Մադրիդյան սկզբունքների համար։ Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները հենց այդ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներն են։ Հայկական կողմը նաև նշում է, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, այս դիրքորոշման մեջ ևս փոփոխություն չկա։ Կարելի է ասել, որ մեծ հաշվով՝ Հայաստանը դիվանագիտական լեզվով մերժում է Ադրբեջանի այս նոր առաջարկների փաթեթը»,-ասաց Տիգրան Գրիգորյանը։
Հարցին՝ այդ մերժումն ի՞նչ վտանգներ է պարունակում, քաղաքագետն ընդգծեց․ «Վտանգները միշտ էլ գոյություն ունեն։ Պարզ է, որ Ադրբեջանն այս փուլում ավելի է ակտիվացել սահմանին ու դիմում է տարբեր սադրանքների։ Այդ սադրանքների նպատակներից մեկն էլ հենց այն է, որ Հայաստանի վրա ճնշում գործադրվի ու նմանատիպ դիվանագիտական առաջարկները Հայաստանն ավելի հակված լինի ընդունել։ սակայն, մեծ հաշվով, պարզ է, որ այս առաջարկները որևէ կերպ չեն բխում մեր կենսական շահերից և որևէ պարագայում անհնար է դրանք պարզապես ընդունել»։
Ինչ վերաբերում է Մոսկվայի հնարավոր մասնակցությանն այս պրոցեսներին,քաղաքագետը նկատեց․ «Մոսկվան այս փուլում զբաղված է ուկրաինական պատերազմով և դա է պատճառը, որ Ադրբեջանը հենց այս փուլում է առաջարկների այս փաթեթը դաշտ բերել։ Չեմ կարծում, թե Մոսկվան ընդհանրապես ուշադրություն է դարձնում այս փուլում Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին»։











































