ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց ՀՀ նախագահի պաշտոնում։
Վարչապետը հիշեցրեց, որ մարտի 13-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահի երդման արարողությունը՝ նշելով, որ իրենք բոլորը կմասնակցեն այդ հանդիսավոր միջոցառմանը։
«Այս պահին ուղղակի ցանկացա ընդգծել, որ նախարարի կարգավիճակով Ձեր մասնակցությամբ ձեր վերջին նիստն է և ընդգծել իմ գնահատանքը այս ընթացքում Ձեր կատարած աշխատանքին»,- հավելեց վարչապետը։
ԲՏԱ նախարար, նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին և Կառավարության անդամներին վստահության համար, որ վերջին յոթ ամսվա ընթացքում հնարավորություն է ստացել աշխատել որպես Կառավարության անդամ։
Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ Նախագահի կարգավիճակում Կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես հաջողություններ են արձանագրելու։
«Ժողովուրդը թող վստահ լինի, որ այն ծրագրերը, որոնք նախատեսել է Կառավարությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում, մեր համատեղ աշխատանքով իրականացվելու է»,- ասաց Խաչատուրյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով վարչապետին։
Վարչապետը իր հերթին նույնպես շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին և նաև հայտնեց, որ «այսօր կամ ամենաուշը վաղը ստիպված են լինելու նրան ազատել ԲՏԱ նախարարի պաշտոնից»։










































