«Հզոր ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանի այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցի ռեստորաններից մեկում օգոստոսի 20-ի ժամը 02:15-ին հարձակման և ծեծի է ենթարկվել ոչ թե Վարդենիսի թաղային ոստիկաններից մեկի` Արամ Մկրտչյանի, այլ նրա ուղեկցի կողմից:
Նրա խոսքերով` այս պահին պատրաստվում է գնալ դատաբժշկական փորձագետի մոտ, իսկ առողջական վիճակը նորմալ է: «Սխալ ինֆորմացիա է գնացել. իմ վրա հարձակվողը ոչ թե ոստիկանն է եղել, այլ ոստիկանը պարզապես ներկա է եղել այդ միջադեպին: Ուղղակի ոստիկանը ընդհանրապես չի միջամտել և սկսել է հայհոյանքներ տեղալ: Ծեծել է նրա հետի անձնավորությունը, որին չեմ ճանաչում, սակայն նրանք միասին են եղել:
Ոստիկանը պարզապես, հայհոյանքներ տեղալով, ասում էր՝ բարձրացրեք մեր աշխատավարձերը և մի զբաղվեք քաղաքականությամբ»,- ասաց Արկադի Կիրակոսյանը:
Այնինչ, ըստ միջադեպի նախնական վարկածի, որը տարածել էին լրատվամիջոցները՝ զրուցելով «Հզոր ապագա» կուսակցության նախագահի հետ, Վարդենիսի թաղային ոստիկանը, ճանաչելով նրան և գտնվելով անսթափ վիճակում, սկզբում հայհոյել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ապա հարձակվելով Արկադի Կիրակոսյանի վրա՝ նրան անվանել է «նախագահի աճեցրած ճուտ»:
Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանության Արաբկիրի բաժին:








































