
ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի ոստիկանները բացահայտել են 2021-ի դեկտեմբերի 21-ին Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցուց կատարված գողության դեպքը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Դեռևս անցած տարվա դեկտեմբերի 21-ին անհայտ անձինք կոտրել էին Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը, հետո նաև հանգանակության արկղը և գողացել փող: Սա այն դեպքն է, երբ վնասի չափն էական չէ:
Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում` օպերատիվ-հետախուզական: Օրեր առաջ Նաիրիի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ գողությունը կատարել են Եղվարդ քաղաքի երկու երիտասարդ բնակիչներ: Փետրվարի 18-ի երեկոյան նրանցից մեկը ներկայացվեց Նաիրիի քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական բացատրություն: Նա նաև ներկայացրեց հանցագործության գործիք կացինը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ վնասի չափը և դեպքի հանգամանքները պարզվում են:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: