«Մարդկային ցեղի հիմնական սզկբունքն է՝ «լավագույնը մանուկներին»: Մեր բոլոր հնարավորությունները պետք է ներդրվեն, որ մանուկները լավագույն ձևով սպասարկվեն ինչպես սննդի, այնպես էլ այլ ոլորտներում: Սակայն մեզ մոտ վերաբերմունքը նույնն է, ինչպես ամեն ինչին, այսինքն՝ իմիջիայլոց, տնավարի վերաբերմունք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա գնահատմամբ՝ սննդի որակի վերահսկողությունը խիստ զիջում է ցանկալի մակարդակին: Դա հետևանք է նաև նրա, որ վերահսկող լիազոր կառույցն արդեն 4-րդ անգամ վերակազմավորվում է, մի կառույցի փոխարեն ստեղծվում է մեկ ուրիշը: Մինչև ստեղծվեց նորը, օրինակ՝ Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը, մինչև հագեցավ կադրերով, նորմատիվային և լաբորատոր բոլոր անհրաժեշտ պարագաներով, անցավ 1 տարի, որը մեզ համար կորած է: Իսկ հիմա նոր կառույց է ստեղծվել՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
«Դա վատ չի, բայց ստացվում է, որ շոգեքարշը չի կարող շարժվել, որովհետև ամբողջ գոլորշին գնաց սուլիչի մեջ: Մինչև ստեղծվում է նոր կառույցը, դա և՛ էներգիա է, և՛ ժամանակ, և՛ ծախսեր: Ու մինչև ոտքի է կանգնում, մենք կորցնում ենք մեր առողջության համար թանկարժեք ժամանակը: Եվ այս փաստերը, ահազանգերը, որ պարբերաբար լսում ենք, դրա հետևանքն է»,- ասաց Ա. Պողոսյանը:
Նա հայտարարեց, որ սպառողները պահանջում են, որպեսզի կառույցը գործի անվրեպ՝ և՛ պլանային, և՛ ըստ զանգերի ստուգումներ անցկացնի, նմուշներ վերցնի, փորձաքննի, և խախտումների դեպքում անմիջապես պատժամիջոցներ կիրառի:
Ա. Պողոսյանը նաև նշեց, որ հաճախ արտասահմանից ներկրվող սնունդը լինում է պիտանելիության ժամկետի ավարտին մոտ: Ըստ սպառողների շահերի պաշտպանի՝ այս հարցի կարգավորման համար հարկավոր է սահմանին վերահսկողությանը մասնակից դարձնել նաև հասարակական կառույցներին, ինչը և՛ ՀՀ օրենսդրության, և՛ Օրհուսի կոնվենցիայի պահանջ է:











































