Հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանի գնահատմամբ` երկխոսությունը ընթացք է, որը չունի այլընտրանք, իսկ եթե այն ինչ-որ պահի կասեցվում է իշխանության գործողությունների պատճառով, ապա պարզ է, որ վերսկսվելու է հենց իշխանության համար պակաս նպաստավոր պայմաններում, և նորից անհրաժեշտություն է լինելու կառուցել նվազագույն վստահություն:
«Այսօր երկխոսությունը գտնվում է մի դրության մեջ, երբ ամեն ինչ պետք է վերսկսել: Դավիթ Հարությունյանի ամբողջ աշխատանքը, որի արդյունքում հնարավոր էր եղել ստեղծել որոշակի վստահություն, իշխանությունները ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կիրառած սադրանքի արդյունքում ջուրը գցեցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Նեդոլյանը:
Նեդոլյանի կարծիքով՝ Կոնգրեսի համար այսօր առաջնային հարցը պետք է լինի ՀԱԿ ակտիվիստների ազատ արձակումը, որից հետո նոր կարելի կլինի անցնել օրակարգային հարցերի քննարկմանը:
Հարցին, թե չի՞ նվազում արդյոք հասարակական վստահությունը երկխոսության նկատմամբ՝ ներկայիս անորոշ մթնոլորտի պատճառով, Նեդոլյանը պատասխանեց. «Հասարակությանը պարզ է, որ այս ամենը սադրանք է իշխանության կողմից, և պետք է իշխանությունը վերացնի այդ սադրանքը, որից հետո նոր հնարավոր կլինի երկխոսությունը նորմալ վերսկսել: Ինձ թվում է՝ բոլորին պարզ է, թե ինչպես է իշխանությունը մանևրում այս ընթացքում»:
Իսկ իշխանության մանևրները, ըստ Նեդոլյանի, Կոնգրեսը կհանդուրժի մինչև սեպտեմբերի հանրահավաքը. «Կոնգրեսը ժամկետները նշել է ու հստակ ասել, որ եթե հարցերը չհստակեցվեն մինչև սեպտեմբերին կայանալիք հանրահավաքը, ապա արդեն իրավիճակը կփոխվի: Իհարկե, նորից անհրաժեշտություն կլինի երկխոսության, բայց դրան արդեն շատ բարդ կլինի հասնել»:








































