
Համաշխարհային տնտեսության որևէ ճգնաժամ կարող է Հայաստանի տնտեսության վրա թողնել մեծ ազդեցություն: Ըստ այդմ, համաշխարհային տնտեսության ռիսկերին պատրաստ լինելը Հայաստանի համար կարևորագույն խնդիր է, հատկապես հետպատերազմյան ծանր վիճակում շոկը որոշակի հաղթահարած և կայունության որոշակի միջավայր ձևավորած լինելու պայմաններում: Այդ միջավայրը պահելն ու երկարաձգելը Հայաստանի համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ու անգամ անվտանգային հարց է: Ընդ որում, համաշխարհային տնտեսական ռիսկերին պատրաստվելու համար կարևոր է թերևս, թե Հայաստանը որքան կկարողանա համախմբել հենց համաշխարհային հայկական ներուժը:
Անկասկած է, որ, եթե լինեն տնտեսական կատակլիզմներ՝ ինչը իհարկե ամենաանցանկալի և վատթար սցենարն է, այդուհանդերձ դրանք ազդելու են նաև համահայկական տնտեսական ներուժի վրա: Միևնույն ժամանակ, թերևս պետք է մասնագիտական կարող ուժերով շոշափել, դիտարկել Հայաստան-Սփյուռք համատեղ մեխանիզմով տնտեսական ռիսկերը փոխադարձաբար մեղմելու համատեղ հնարավորությունների շրջանակ, ընդ որում թե խոշոր, թե միջին ու փոքր կապիտալի հարթություններում: Այդ աշխատանքը թերևս պետք է ծավալել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հաղորդուղով: Բացարձակապես չկա տագնապի կամ խուճապի պատճառ, կա ընդամենը ռիսկերի համապարփակ գնահատման, սեփական կարողությունների սահմանման և անհրաժեշտ քայլերի ուղղությամբ պատասխանատու և հավաքական աշխատանքի անհրաժեշտություն:
2020 թվականի պատերազմից հետո սակայն հայաստանյան կամ հայկական տնտեսությունը կրել է միլիարդավոր դոլարների վնասներ: Սա նշանակում է, որ էապես նվազել է մեկնարկային կետը, այն մեկնակետը, որից պետք է վերականգնվի տնտեսությունը: Այդ ամենն է հանրային սոցիալ-հոգեբանական տրամադրությունների և տրամադրվածության, ինչպես նաև արտաքին ռազմա-քաղաքականության, դիվանագիտության հիմքը: Չկա տնտեսություն, չկան այդ ամենը:
Անկասկած է, որ Հայաստանի մրցունակությունը պահանջում է տեմպի ու ծավալի արագացում, իսկ դա կարող է լինել ներդրումային շոշափելի հոսքի պարագայում: Այստեղ պայմանական աղբյուրները երեքն են՝ հայկական խոշոր կապիտալ, արտաքին խոշոր խաղացողներ՝ ԱՄՆ, Եվրամիություն, Չինաստան, արաբական աշխարհ, և Սփյուռքի միջին խավ: Սա ամբողջը չէ, սակայն խոշոր հաշվով հենց այս շրջանակն է, որ Հայաստանի համար կարող է լինել ներդրումային շոշափելի ծավալի աղբյուր: Ժամանակի և իրադարձությունների զարգացման տրամաբանությունը կարող է փոխել շատ բան:
Մասնավորապես, Հայաստանի ներդրումային հեռանկարների իմաստով անշուշտ էական նշանակություն ունի թե ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակումը, ընդհանուր անվտանգային միջավայրի կայունացումն ու լիցքաթափումը, թե հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը: Սակայն, Հայաստանը չունի նաև սպասելու ժամանակ և սա արձանագրում են բոլորը: Ըստ այդմ, անկասկած է, որ մեր գործողությունները և հաշվարկները պետք է կառուցվեն այսպես ասած լավատեսական և հոռետեսական սցենարային բազմազան դիապազոնով, ըստ այդմ նաև հենց ներկայիս իրավիճակի շարունակականության հաշվարկով՝ ներդրումային այդ երեք խոշոր աղբյուրների հետ աշխատանքի իմաստով: Այստեղ անշուշտ բազմազան են նաև գործոնները, որոնք պայմանավորում են այդ աշխատանքային միջավայրը, արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական գործոններից մինչև ներքաղաքական և ներհայկական հարաբերություններ:
Երկու պարագայում էլ իրավիճակը հագեցած է խնդիրներով: Աշխարհաքաղաքական տիրույթում առկա խնդիրները անշուշտ վեր են Հայաստանի ուժերից, սակայն ներքին, ներհայկական տիրույթում առկա խնդիրները գտնվում են մեր պատասխանատվության դաշտում՝ հայկական և հայաստանյան կյանքի հասարակական-քաղաքական բոլոր դերակատարների, իշխանությունից մինչև հասարակական ինստիտուտներ՝ յուրաքանչյուրն իր չափով պատասխանատվությամբ:
Լուսանկարը՝ panorama.am-ի