Այսուհետ Dasaran.am ծրագիրն անվճար հիմունքներով հասանելի կդառնա Հայաստանի բոլոր դպրոցներին: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը և ծրագրի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:
Նախնական փուլում` Երևանի, ապա նաև ողջ հանրապետության մասշտաբով բոլոր դպրոցները կներգրավվեն Dasaran.am ծրագրում` ստեղծելով միասնական կրթական էլեկտրոնային մեկ համակարգ ու «աշակերտ-ծնող-ուսուցիչ» կապն ապահովող համապարփակ միջավայր:
Ծնողները, աշակերտները և դպրոցի անձնակազմը կարող են անվճար հիմունքներով օգտվել ծրագրից, ինչը ծնողներին հնարավորություն կտա ցանկացած պահի տեղեկանալ երեխայի ուսման առաջընթացի, միջին գնահատականների մասին, հետևել տնային առաջադրանքներին ու վարքագծին, իսկ աշակերտներին` ստեղծել հասակակիցների ու ընկերների լայն ցանց, խորացնել գիտելիքները զանազան ինտելեկտուալ խաղերի միջոցով, զարգացնել տարբեր կարողություններ ու հմտություններ` մասնակցելով հատուկ մշակված մրցույթների:
Դպրոցների անձնակազմի և ուսուցիչների համար Dasaran.am ծրագրի կողմից անվճար հիմունքով կիրականցվեն հատուկ ծրագրավորված դասընթացներ, որոնք ուղղված կլինեն ինչպես համակարգչային գիտելիքների ու փորձառության ձևավորմանը, այնպես էլ հետագայում` հատուկ հմտությունների զարգացմանը:










































