Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային հաստատությունների տնօրենների հետ, քննարկել դրանց ընթացիկ գործունեության ու զարգացման ծրագրերը:
Մասնավորապես, անդրադառնալով «ՀայԱրտ» մշակութային կենտրոնին, քաղաքապետն առաջարկել է «վերանայել կենտրոնի հետագա գործունեության նպատակահարմարությունը»:
«Առաջին լրատվական»-ը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի հետ զրույցում փորձեց պարզել խնդրի էությունը, հասկանալ, թե ինչն է եղել քաղաքապետի նման առաջարկի պատճառը:
«Հետաքրքրվում էր տարածքների վարձակալության խնդիրներով, ինչ վերաբերում է «ՀայԱրտին», խոսակցությունը բավական կարճ է եղել: Քանի՞ քառակուսի մետր է, ովքե՞ր են վարձակալները, արդյունավե՞տ է արդյոք վարձակալությունը: Չի խոսվել մշակույթի գործունեության, «ՀայԱրտ»-ի ստեղծագործական ծրագրերի մասին»,- նշեց Ռ. Շառոյանն՝ ավելացնելով, թե Կ. Կարապետյանն ասել է, որ պետք է վերանայի տարածքային հարցերը:
Ըստ Շառոյանի՝ քաղաքապետի խոսքերն իր համար «անսպասելի են եղել», քանի որ վարձակալություններն արվում են օրենքի սահմաններում ու առանց քաղաքապետի թույլտվության չեն իրականացվում:
«Ոնց Դուք, այնպես էլ ես: Ասաց՝ ցտեսություն, շնորհակալություն, ու դուրս եկավ»,- ասաց նա:
«ՀայԱրտ»-ը գտնվում է Մաշտոց-Սարյան փողոցների խաչմերուկում: Խորհրդային տարիներին այն եղել է ժամանակակից արվեստի ցուցասրահ:








































