Այսօր` դեկտեմբերի 17-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու առաջին նստն էր:
Նշենք, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքով ավագանու կազմում են չորս քաղաքական ուժեր: ԲՀԿ-ն հավաքել է ձայների 46․28 տոկոսը, ՔՊ-ն` 36․65 տոկոսը, ՀԿ-ն՝ 11․93 տոկոսը, ՀՅԴ-ն` 5․13 տոկոսը:
Նիստին ներկա էին նորընտիր ավագանու բոլոր 27 անդամները` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից` 13 անդամ, «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցությունից 10 անդամ, «Հանրապետություն» խմբակցությունից` 3 անդամ, ՀՅԴ-ից` 1 անդամ:
Օրակարգում ներառված էր Աբովյան համայնքի ղեկավարի ընտրության հարցը, ղեկավարի երդման արարողությունը, ինչպես նաև ավագանու հերթական նիստի գումարման օրվա որոշումը:
ԲՀ խմբակցությունը որպես համայնքի ղեկավար առաջադրեց Էդուարդ Բաբայանի թեկնածությունը, ՔՊ խմբակցությունը` Պավել Ցուգունյանի, ՀԿ խմբակցությունը չառաջադրեց թեկնածու, ՀՅԴ-ն նույնպես թեկնածու չառաջադրեց:
Թեկնածուների ելույթների ժամանակ` ՔՊ խմբակցության թեկնածու Պավել Ցուգունյանը մաղթեց բեղմնավոր աշխատանք և տեսակետ հայտնեց, որ բոլորի նպատակն էլ համայնքի զարգացումն է: ԲՀ խմբակցության թեկնածու Էդուարդ Բաբայանն էլ ընդգծեց, որ ԲՀԿ-ի ծրագիրն անփոփոխ է` համատեղ ուժերով կառուցել համայնքը:
Թեկնածուների ելույթներից հետո տրվեց համայնքի ղեկավարի ընտրության մեկնարկը: Նորընտիր ավագանին Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրեց ԲՀ խմբակցությունից Էդուարդ Բաբայանին:
Ցուգունյան Պավելը` 12 ձայն էր հավաքել, իսկ Բաբայան Էդուարդը` 14 ձայն: Ավագանիներից մեկը ձեռնպահ էր քվեարկել:
Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին։










































