ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ գերիների վերադարձի համար ամեն օր աշխատանք է արվում. գերեվարվելու հանգամանքներիը պարզելու համար հետաքննություն տարվել է, տարվում է և տարվելու է: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
«Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանը հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ ասել է, որ բոլոր գերիներն իր համար հարազատ են և պատրաստ է իր որդուն հանձնել գերիների փոխարեն, հետո ասել է, թե գերիները կներեն, եթե ևս 2 ամիս մնան գերու կարգավիճակում, հետո ասել, որ պետք է քննել գերի ընկնելու հանգամանքները: Նա հետաքրքրվեց, թե ինչպիսին է Փաշինյանի դիրքորոշումը գերիների վերաբերյալ:
Վարչապետն էլ արձագանքեց. «Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց: Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերն այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն, և հիմա էլ եմ առաջարկում: Այդ առաջարկն այն ժամանակ պաշտոնական, ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, որը, ցավոք, արձագանք չի գտել»,-ասաց Փաշինյանն ու վստահեցրեց, որ դա որ պահին արձագանք կգտնի, ուժի մեջ է:












































