Գերմանիան պատրաստ է մարդասիրական աջակցություն տրամադրել Բելառուսի և Լեհաստանի սահմանին գտնվող փախստականներին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սթիվ Ալտերը:
Նա հիշեցրել է, որ Գերմանիան Լեհաստանին աջակցություն է առաջարկել ճգնաժամը հաղթահարելու նպատակով՝ նշելով, որ այդ առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ: Ալտերը հստակեցրել է, որ հումանիտար աջակցությունը պետք է ցուցաբերի Եվրահանձնաժողովը, այլ ոչ թե առանձին երկրները:
«Գերմանիան պատրաստ է ներդրում ունենալ Լեհաստանի հետ սահմանին գտնվող մարդկանց հումանիտար աջակցության տրամադրման հարցում»,- նշել է նա հրավիրված ճեպազրույցի ժամանակ:
Բելառուսի և Լեհաստանի սահմանին կա շուրջ երկու հազար փախստական Արևելքի և Աֆրիկայի երկրներից, այդ թվում և զգալի թվով կանայք ու երեխաներ: Փախստականներից ոմանք փորձեր են արել ապօրինի հատել սահմանն ու մտնել Լեհաստան: