Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը առաջին ընթերցմամբ ընդունել է հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևը, որի երկրորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտին: Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ սա պատմական իրադարձություն է հայկական հարցի միջազգային ճանաչման համատեքստում: Հարցի պատմականության և բարոյական նշանակության հանգամանքը անկասկած հասկանալի է, եթե նկատի առնենք և այն, թե Մեծ Բրիտանիան պատմա-քաղաքական իմաստով ինչ առնչություն է ունեցել մեկ դար առաջ ծավալված իրադարձություններին, այդ թվում Օսմանյան Թուրքիայում հայերի ճակատագրին առնչված մի շարք լայն զարգացումներին:
Մեծ Բրիտանիայի այդ միջազգային դերակատարումը այսօր ոչ միայն նվազ չէ, այլ թերևս ստացել է շատ ավելի բազմաշերտ դրսևորումներ: Եվ դրանով առավել քան ուշադրության է արժանի բրիտանական քաղաքական օրակարգում հայկական հարցի առումով այդօրինակ շրջադարձը կամ զարգացումը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ խնդրի բարոյա-հոգեբանական, պատմական-խորհրդանշական հանգամանքներից զատ, շատ կարևոր է քաղաքական մոտիվների խնդիրը, դրա առավելագույնս հասկանալու և պատկերացնելու հանգամանքը: Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան ձեռնամուխ լինում հայկական հարցին և փաստորեն առաջիկա ամիսներին այն կախում Թուրքիայի գլխին՝ առաջինից երկրորդ ընթերցում: Սա բրիտանա-թուրքական որոշակի խնդիրների՞ դրսևորում է, թե՞ կարող ենք գործ ունենալ ավելի լայն նշանակության գործընթացի հետ, և այդ համատեքստում թուրքական վարքագծի վրա ազդեցության: Դա կարող է կապված լինել եվրոպակա՞ն ուղղության, եվրաատլանտյան բևեռի շրջանակում Անկարայի հետ ունեցած որևէ խնդրի կամ վարքագծային ակնկալիքի, թե՞ ավելի լայն իմաստով, օրինակ հնդկա-խաղաղօվկիանոսյան մեծ ռեգիոնի, որի ուղղությամբ Մեծ Բրիտանիան ԱՄՆ ու Ավստրալիայի հետ ձևավորում է նոր անվտանգային ալյանս, փորձելով դրանում ներգրավել նաև Հնդկաստանին ու Ճապոնիային: Այդ ալյանսը անշուշտ թելադրված է Չինաստանի աճող ազդեցությունը զսպելու ռազմավարությամբ և այդ համատեքստում կարող է հարց լինել, թե ինչ դիտարկումներ կան Թուրքիայի առնչությամբ, արդյո՞ք կա նպատակ Անկարային բերել եթե ոչ անմիջականորեն ալյանսի դաշտ, ապա առնվազն վարքագծի, որը շոշափելիորեն կառավարելի կլինի հենց Չինաստանի զսպման գերխնդրի տեսանկյունից: Բոլոր դեպքերում, հայկական հարցի շրջանառության քաղաքական մոտիվացիան առավելագույնս դիտարկելն ու պատկերացնելը Հայաստանի համար կարևոր է այն տեսանկյունից, թե գործընթացը որքանով կարող է հնարավորություն ընձեռել մեզ համար էական անվտանգային հարցեր սպասարկելու, միաժամանակ նաև հայ-բրիտանական երկխոսություն առաջ մղելու տեսանկյունից: Այդ իմաստով հիշեցնենք, որ օրերս Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը հանդիպել էր այդ երկրի Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նախարարի հետ, նրա հետ հանդիպմանը քննարկելով նաև Հայաստան-ՄԹ համաձայնագրի մոտալուտ ստորագրման հնարավորությունը:








































