Գրականագետ, գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը և ճարտարապետ Լևոն Իգիթյանն այսօր անդրադարձան Երևանի քաղաքապետի որոշումներին՝ քաղաքային առևտուրը վերացնելու, կրպակներն ապամոնտաժելու և միջքաղաքային տրանսպորտի կանգառները Հյուսիսային ավտոկայան տեղափոխելու մասին:
Դևրիկյանը նշեց, որ այս որոշումներով Երևան քաղաքը ոչ բարեկարգվեց, ոչ էլ լավացավ, քանզի այն, ինչ այսօր արվում է, ոչ թե բարեփոխման այլ ջարդելու համակարգ է: Նրա խոսքերով՝ այս որոշումներն այնքան լայն սոցիալական խնդիրներ են ներառում, որ պետք է վերաբերեն նաև ՊՆ և Սփյուռքի նախարարություններին: Իր այս գնահատականը Դևրիկյանը բացատրեց նրանով, որ Հայոց բանակը կազմավորում են ոչ թե իրենց մենեջեր համարողների, այլ նույն այդ կրպակատերերի և փողոցային առևտրով զբաղվողների երեխաները:
Իգիթյանը, ով քաղաքապետարանի ավագանու անդամ է, օրինակ բերելով եվրոպական զարգացած երկրները, նշեց, որ քաղաքապետի որոշումը շատ ճիշտ է, այդ հարցը պետք է լուծվեր, և մի օր դա սկսել էր պետք: Նա նշեց, որ ամեն մեկի հարմարության համար չի կարելի մայրաքաղաքի մայթերին կրպակներ շարել. «Եթե առաջնորդվենք նման մոտեցմամբ, ապա շատ մարդիկ իրենց հարմարության համար կարող են նաև սանհանգույց չգնալ և առանձին գարշոկներ պտտեցնել իրենց հետ»:
Միջքաղաքային տրանսպորտի խնդրին անդրադառնալով՝ բանախոսը նշեց, որ ավտոկանգառները Հյուսիային ավտոկայան տեղափոխելը ճիշտ որոշում է, քանզի մայրաքաղաքն ավտոկայան չէ. «Փոփոխություններն անխուսափելի են, ուղղակի մենք ուշ ենք սկսել», ի պատասխան Դևրիկյանը նշեց, «որ ոչ թե ուշ ենք սկսել, այլ շուտ՝ այս ծրագիրը պետք է վիժի»:










































