Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց բողոքն են հայտնել, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Երուսաղեմի վանքապատկան հողատարածքի թույլտվություն է տվել 99 տարվա վարձակալությամբ՝ հրեա գործարարին, ով այնտեղ հյուրանոց է կառուցելու:
Օրերս տեղի հայերը ցույց են կազմակերպել՝ պահանջելով պատրիարքից հետ վերցնել ստորագրությունը, չեղյալ դարձնել գործարքը։ Պարզվում է, որ տեղի վարդապետները տեղյակ չեն եղել գործարքից։ Տեղյակ են եղել միայն Հայոց պատրիարքը, Սուրբ Աթոռի Լուսարարապետ Տ. Սևան Արք. Ղարիբյանը և Կալվածոց Տեսուչ Տ. Պարետ Ծ. Վրդ. Երէցյանը:
«Կովերի պարտեզ» կոչվող տարածքում ըստ ստորագրված գործարքի, հրեա գործարարը 7 աստղանի հյուրանոց է պատրաստվում կառուցել
Միաբանների հայտարարության մեջ նշվում է, որ այդ համաձայնագիրը ստորագրվել է առանց Տնօրեն և Միաբանական ժողովների քննարկման և վավերացման, որը հակաօրինական է: Բանն այն է, որ Միաբանների ժողովի կանոններով սահմանված է, որ մինչև 25 տարի ժամանակաշրջան ընդգրկող որևէ համաձայնագիր պետք է վավերացվի Տնօրեն Ժողովի կողմից, իսկ 25-49 տարիներ ընդգրկող համաձայնագրերը Տնօրեն Ժողովը պարտավոր է ներկայացնել Միաբանական Ընդհանուր ժողովին՝ վավերացման համար:
Կարելի է արդեն վստահ արձանագրել, որ Երուսաղեմի հայոց պատրարքությունում բունտ է հասունանում, որովհետև պատրիարքի կողմից գաղտնի կնքված այս գործարքի դեմ են դուրս եկել 21 վարդապետներից 12-ը, իսկ նրանք արդեն մեծամասնություն են կազմում և պահանջում են չեղարկել այս գործարքը
Երուսաղեմի պատրիարքությունում «Առաջին լրատվական»-ի աղբյուրը հայտնեց, որ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության 12 միաբանների կողմից արված այս հայտարարությունը կարևոր քայլ է. «Միաբաները իրենց առջև դրել են Սուրբ Աթոռի շահը և ապագան։ Այս հայտարարություն պետք է որ Պաղեստինյան, Հորդանանյան, Հայաստանյան իշխանություններին և Մայր Աթոռի մոտ ազդեցություն ունենա, քանզի հիմա ժամն է որ իշխանությունները իրենց կարևոր ներդրումը ունենան այս հարցը լուծելու հարցում: Նաև պետք նշել, որ այս պահին Հայ ազգը ամբողջությամբ պետք կանգնի Երուսաղեմի կողքին և վարդապետների կողքին, որպեսզի հաջողենք կանգնեցնել այս անօրինական ձևով արված վարձակալությունը: Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները ևս իրենց խոսքն ասեն»,-ասաց մեր աղբյուրը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ դեռ որևէ արձագանք չկա որ պատրիարքի կողմից, ոչ էլ Մայր Աթոռ Սուրբ Էջնմիածնի. «Պատրիարքի կողմից տակավին ոչ մի պատասխան չկա, բայց նախատեսվում է, որ կփորձի ճնշում գործադրել միաբանների դեմ: Ինչ վերաբերում է Էջմիածնին, հույս ունենք, որ շուտով որևէ արձագանք կունենանք»:
«Առաջին լրատվական»-ի աղբյուրի փոխանցմամբ, այս պահին դեռևս նոր ցույցեր կազմակերպելու ծխրագրեր չկան, բայց ամեն ինչ կախված կլինի հետագա զարգացումներից:
Հատկանշական է, որ այս գործին խառնվել են նաև Պղեստինի իշխանությունները, որոնք անգամ նամակ են գրել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Եկեղեցական գործերի բարձրագույն նախագահական հանձնաժողովի նախագահ դոկտոր Ռամզի Խուրին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղարկել է նամակ, որտեղ անդրադարձել է Արևելյան Երուսաղմի Հին Քաղաքի տարածքում գտնվող Հայկական թաղամասին: Նամակում դոկտոր Խուրին շեշտել է այն փաստը, որ թաղամասը Պաղեստինի գրավյալ տարածքի անբաժանելի մասն է, որը ղեկավարում է միջազգային օրինականության բանաձևերով:








































