Ամերիկյան Stratfor հետախուզավերլուծական կենտրոնը հրապարակել է «Ադրբեջան-Իսրայել կապերի աճն անհանգստացնում է Իրանին» խորագրով մի վերլուծություն, որում ասվում է.
«Ադրբեջանի ու Իրանի միջև դիվանագիտական լարվածությունը զգալիորեն մեծացավ օգոստոսի 7-ից։ Երկու հարևան երկրների միջև տիրում են ոչ իդեալական հարաբերություններ՝ Բաքվի ու Թեհրանի տարաձայնությունների հիմքում ընկած է ռազմական ու հետախուզական ոլորտներում Ադրբեջանի ու Իսրայելի հակաիրանական համագործակցությունը, ինչն էլ հանգեցնում է իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության աճին։
Դրա վառ օրինակը հանդիսացավ օգոստոսի 9-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյիդ Հասան Ֆիրուզաբադիի հայտարարությունը, որում նա ադրբեջանական իշխանություններին մեղադրեց Ադրբեջանի տարածքում շիաների հանդեպ կրոնական կոշտ վերաբերմունք ցուցաբերելու և ընդհակառակը՝ սիոնիստներին ազատություններ շնորհելու մեջ։ Ապա նա հավելեց, որ եթե այդ քաղաքականությունը շարունակվի, ապա այդ ամենը կավարտվի խավարում։
Ադրբեջանական կառավարությունը տատանումներ չի դրսևորել Իսրայելի հետ իր ռազմավարական հարաբերությունները զարգացնելիս։ Իսրայելն Ադրբեջանի 4-րդ խոշոր առևտրային գործընկերն է, ինչի հիմքում ընկած է ադրբեջանական նավթի արտահանման գործոնը։ Սակայն Իրանին ամենաշատը զայրացնում է ռազմական ու հետախուզական ոլորտներում նրանց համագործակցությունը։
Իսրայելի համար Ադրբեջանը քաղաքական ու աշխարհագրական առումով կարող է Իրանի հյուսիսային սահմանին ընկած բազայի դեր ծառայել։ Իսրայելական կողմին անհրաժեշտ է հետախուզական ոլորտում ադրբեջանական կողմի հետ համագործակցությունը՝ Իրանի միջուկային ծրագրում առաջընթացին գնահատական տալու համար։
Իսրայելն իրանա-ադրբեջանական սահմանով մարդկանց ու նյութերի տեղաշարժի միջոցով նույնպես ձգտում է վնասել իրանական միջուկային ծրագրին։ Եվ վերջապես, Իրանն անհանգստացած է նրանից, որ հեռանկարում Իսրայելը կարող է Ադրբեջանի տարածքը վերածել ավիաբազայի՝ իրեն պոտենցիալ հարված հասցնելու համար։
Իսրայելն էլ իր հերթին օգտակար դասընթացներ է անցկացնում Ադրբեջանի անվտանգության ու հետախուզական ծառայությունների համար և վերածվում է նրա է՛լ ավելի կարևոր ռազմական տեխնիկայի մատակարարի։
Ադրբեջանի էներգետիկ հարստությունները նպաստել են նրա ռազմական բյուջեի ու ծախսերի ավելացմանը։ Ռազմական տեխնիկայի մատակարարման առումով Ադրբեջանը դեռ մեծապես կախված է Ռուսաստանից և հետխորհրդային Բելառուսից ու Ղազախստանից։ Սակայն Ալիևի կառավարությունը փորձում է դիվերսիֆիկացնել Ադրբեջանի ռազմական գործընկերների շարքը՝ սեփական զինված ուժերի արդիականացման համար հայացքը հառելով Իսրայելի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա»։







































