Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում կարող են սահմանափակել Facebook և Twitter սոցիալական ցանցերից օգտվելը։ Այս մասին հայտարարել է պաշտպանության ու անվտանգության գծով Միլլի մեջլիսի (խորհրդարան) կոմիտեի անդամ, «Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Բախտիար Սադիգովը.
«Ադրբեջանում «գոյություն ունի» խոսքի ու մամուլի ազատություն։ Ադրբեջանում ինտերնետի ու սոցիալական ցանցերի սահմանափակումներ չկան։ Սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Facebook և Twitter սոցիալական ցանցերը սպառնալիքներ են ստեղծում։ Այդ սոցցանցերի ստեղծողներն իրենց առաջին փորձն իրականացրին արաբական երկրներում, ինչի արդյունքում դրանցում տեղի ունեցան պետական հեղաշրջումներ ու զանգվածային անկարգություններ։
Դրա համար էլ Ադրբեջանում, Մեծ Բրիտանիայի նման, պետք է սահմանափակումներ մտցվեն սոցցանցերի հարցում։ Անհրաժեշտ է, որ խորհրդարանն ընդունի «Ինտերնետի մասին» օրենքը, որը կօգնի սոցցանցերում քաղաքացիներին պաշտպանել խարդախ անձանցից։ Ադրբեջանում սոցիալական ցանցերն օրինական ճանապարհով պետք է առնվեն վերահսկողության տակ։
Ես դեմ չեմ Ադրբեջանում ինտերնետին, սակայն ցանկանում եմ սահմանափակել որոշ սոցիալական ցանցերի ազատությունը։ Դրանք փչացնում են դեռահասներին ու դպրոցականներին և հանգեցնում են դպրոցների հաճախելիության նվազմանը։ Այս ամենին անպայմանորեն պետք է վերջ դնել։ Այս խնդիրը խորհրդարանը կքննարկի աշնանային նիստի ժամանակ»։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես է եկել երկրում սոցցանցերի սահմանափակման նախաձեռնությամբ, ինչը ոգևորել է ադրբեջանական կողմին։











































