Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հայկական Facebook. Սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները

«Ֆեյսբուքն ալ պարզ հանրության կը նմանի… ամէն տեսակ մարդ կայ… ու պարզ լայքելէն անդին գացողները հոն ալ հազուագիւտ են, հոս ալ… տարբեր է միայն նոր հիմնադրման շրջանին, երբ մօտէրնիսթ ավանկարտնեը կ’ըլլան տիրական, անկէ ետք, երբ ամէն մարդ կու գայ, արդեն տարբերութիւն չըներ…իսկ ավանկարտները կը գտնեն նոր արահետներ, և այսպես շարունակ» :

Աշխարհը «փոքրացել» է, ժամանակը «կարճացել», տեղեկատվության տարածումը արագացել: Վերջին 2-3 տարիներին գլոբալիզացիայի կատարյալ միջոց են դարձել սոցիալական ցանցերը: Ամենահայտնի ցանցերից մեկը Ֆեյսբուքն է: Այն բավական հաջողված մի «ծրագիր» է, որտեղ ճանաչված և չճանաչված, հայտնի և անհայտ մարդիկ` քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ, արվեստագետներ, գրողներ, լրագրողներ, ամենատարբեր նախասիրություններով և հավակնություններով, տարբեր ոլորտներից և տարբեր տարիքի մարդիկ ստեղծում են իրենց էջը, իրենց ընկերների խումբը, որն օրեցօր համալրում են ըստ իրենց «ճաշակի»: Եվ բնականաբար ոչ միայն իրենց ֆեյսբուքային գործունեությունն են ծավալում, այլ նաև ֆեյսբուքային յուրօրինակ «կյանքը»: Այսպես, աշխարհում Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտվողների ամենամեծ թիվը Միացյալ Նահանգներում է, որը, սակայն, կազմում է բնակչության միայն մոտ 49%-ը : Այնուհետև վիճակագրական ցանկում են Ինդոնեզիան, Հնդկաստանը` մարդկանց թվաքանակի սկզբունքով: Երկրի բնակչության մեջ օգտվողների հարաբերակցության առումով` Ինդոնեզիայում 16%-ն է գործածում, իսկ Հնդկաստանում մոտ 3%-ը: Բնակչության 100% օգտվողներ կան Մոնակոյում, 66%` Իսլանդիայում, մոտ 50%` Չիլիում, Նորվեգիայում, Սինգապուրում: Հայաստանը այս վիճակագրական ցանկում, ըստ օգտվողների քանակի, 117-րդ տեղում է` 190 հազար թվաքանակով, իսկ բնակչության մեջ տոկոսային արտահայտվածությամբ` 6,4 տոկոս:

Հայկական Ֆեյսբուքն` ըստ բովանդակային մասի

Հայաստանում ևս այս ցանցը բավականին ակտիվանում և ընդլայնվում է: Օրըստօրե ֆեյսբուքի գործառնություններն ավելի բազմազան են դառնում. եթե սկզբում ընկերներ ձեռք բերելու և կապեր ստեղծելու, շփման, տեղեկատվության փոխանցման միջոց էր, ապա յուրաքանչյուր նոր օր գրանցվում և ամենատարբեր ծառայություններ են առաջարկում տարբեր անհատներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեյսբուքի կարևորագույն սկզբունք-արդյունավետությունը մատչելիությունն է, հասանելիությունը: Ցանկացած անհատ, կազմակերպություն իր խոսքը, անհանգստությունը, մտահոգությունը կամ գոհունակությունն ու սերը, շնորհակալությունը, շնորհավորանքը կարող է հանրայնացնել կամ անմիջականորեն փոխանցել հասցեատիրոջը:

Հայաստանում Ֆեյսբուք ցանցի օգտվողների 56%-ը կանայք են, 47%-ը` տղամարդիկ : Օգտվողների ամենամեծ մասը 18-24 տարեկան երիտասարդներ են` 37%, 25-34 տարեկանները` 30 %, 35-44 տարեկանների խումբը կազմում է միայն 10%-ը:

Ֆեյսբուքում հասարակական-քաղաքական կյանքն ընթանում է իր բազմակողմանի դրսևորումներով: Կան իրադարձություններ և մարդիկ,
1. որոնց շուրջ «համընդհանուր» քննարկումները հիմնականում դրական, «գովաբանական» բնույթ ունեն,
2. որոնք զայրույթ են առաջացրել, և քննարկումներն անխնա քննադատություն են պարունակում,
3. որոնք կարճ քննարկման նյութ են դառնում և արագ մոռացվում («տեղային», հատվածական, այսինքն հնարավոր է ՖԲ-ի մի փոքր զանգվածը միայն քննարկի որևէ իրադրություն կամ անձի վարքագիծ),
4. ովքեր/որոնք ծայրահեղ` ավելի ճիշտ բևեռային մոտեցումներ են առաջացնում, բնականաբար քննարկումները պարունակում են դրականից բացասական տարրապատկեր, մինչև իսկ ագրեսիվ:

Մոտիվացիան ֆեյսբուքում

ՖԲ-ում գրանցված հիմնական զանգվածը կարող ենք կոչել ֆեյսբուքյան «հասարակություն», քանի որ մշտապես գտնվում են ցանցի շփման տարածքում: Հայաստանի համար այս մշակույթը, այս «հասարակությունը» նոր է, և հետզհետե այն ավելի է ամրապնդվում, ընդլայնվում, և ոչ միայն որպես հարաբերությունների, շփման ձև, այլ նաև մի շարք գործառույթներ է կատարում:

ա/ Որպես շփման ձև

Մասնավորապես այդ գործառույթը (շփումը) հոգեբանական հինմական կատեգորիաների թվին է պատկանում: Հաղորդակցման խնդիրը նշանակալի տեղ է գրավում հոգեբանական հիմնահարցերի համակարգում, քանի որ շփումը մարդու հուզական վիճակների կարևորագույն կանխորոշիչն է: Մարդկանց զգացմունքային ողջ տարրապատկերը ծագում, զարգանում է մարդկանց հաղորդակցման պայմաններում, որոնցով և որոշվում է անհատի զգացմունքային լարվածության աստիճանը: Այդ պայմաններում է, որ իրականացվում է հուզական լիցքաթափումը: Հաճախ մարդը շփման կարիք է զգում այն ժամանակ, երբ ցանկանում է փոփոխել իր հուզական վիճակը: Սա մի բանաձև է, որը հասկանալի է դարձնում ֆեյսբուքային քննարկումներում տարբեր անձանց տարբեր հուզական «վարքագիծը»` վառ հուզական և պատկերավոր, իմպուլսիվ պատասխաններ, «հավասարակշռված» և «անհավասարակշիռ» ստատուսներ, համապատասխան և ոչ համապատասխան պատասխան-քննարկումներ:

բ/ Ինքանդրսևորում և ինքնաիրացում

Կարևոր պահանջմունքներ են, որոնք գիտակցական էակի համար ինքնագիտակցության զարգացման անհրաժեշտ պայմաններից են: Ինքնադրսևորման և ինքնաիրացման ՖԲ-ային հնարավորությունները շատերի համար կարևոր բացահայտում եղան: Մարդիկ կան, որ ունեն շփման խնդիրներ, այն է` անմիջական շփման, ինքնարտահայտման: Բնականաբար նաև ունեն քիչ հնարավորություններ ինքնադրսևորման, միանգամից տարբեր մարդկանց ճանաչելու, արագ ընկերանալու և ընդգրկվելու տարատեսակ քննարկումներում: Սոցիալական այս ցանցն օգնում է անձին` իրեն «տեղավորելու», նա ձեռք է բերում որոշակի զանգված` «ընկերներ», որից ետ ստացած արձագանքները անձին ինտեգրվածի և ինքնիրացվածի զգացողություն և հետագա գործունեության խթան են տալիս:

գ/ Նույնականացման զգացման բավարարում

Անձի մյուս կարևոր հոգեբանական պահանջմունքը նույնականացումն է: Ֆրոմն ասում է` անձն իրեն նախընտրում է նույնականացնել թեկուզ հանցագործի հետ, քան ոչ մի կերպ չնույնականացվել. այսինքն` դեռևս ինքնահաստատվող անձիք (իսկ դա տարիքից կախված չէ), գուցե իրականության մեջ չկարողանալով նույնականացվել, սոցիալական ցանցի տարածքում են փորձում բավարարել իրենց` խմբին պատկանելու զգացումը:

դ/ Ինքնահաստատման տարածք

Սոցիալական վիրտուալ տարածքը օգտագործվում է նաև որպես ինքնահաստատման տարածք: Մեծ հնարավորություն կա բարդույթների դրսևորման /անկախ կամքից/ և դրանց փոխհատուցման համար` սկսած անձնական լուսանկարներից մինչև ուրիշների ստատուսներին «հավանություն տալը» կամ մեկնաբանելը, որը շատ հաճախ չի համընկնում ընդհանուր մտքի ուղղվածության հետ: Անձի «գործունեության» ձևերն ու տարբեր եղանակներն ուսումնասիրելիս պարզ երևում է անձնային խնդիրների առկայությունը, բարդույթների փոխհատուցման ձգտումը :

Զանգվածային և անհատական մտածելակերպ

Ինչպես շփման մյուս ոլորտներում, ֆեյսբուքում էլ կա անհատական և զանգվածային մտածելակերպ:

Ուշագրավ է այն փաստը, որ առհասարակ ՖԲ-ն էլ հասարակական կարծիքի մանիպուլյացիա է պարունակում իր մեջ. ինչքան էլ որ անկեղծ և պարտադրող չեն «հարգարժան» անձանց կարծիքները, դրանք ունեն չափանիշային ազդեցություն, սակայն առավել ազդեցիկ են որոշակի զանգվածի վրա: Օրինակ, որևէ քաղաքական գործիչ, կամ հաղորդավար, կամ հասարակական գործիչ, լրագրող իր տեսակետն արտահայտելով քննարկումների մեջ կամ սեփական քննարկման նյութը տեղադրելով և շեշտադրելով` իր հետևից «երկրպագուների զանգված» է տանում: Ամենից հաճախ, հավանություն տվողները իրենց էտալոնի մտքերին այնքան էլ խորքային վերաբերմունք չունեն` էության մասով: Կա նաև ուղիղ հակադարձ պատկերը, երբ «հեղինակություն» համարվող անձի քննարկմանը մասնակցում են նաև ըստ էության ու բավականին բազմակողմանի մոտեցումներով:

Զանգվածային մտածելակերպին հատուկ կոնֆորմիզի օրինակները բազմաթիվ են: Երբեմն «ավանգարդ» ստատուսի տակ, որն իրականում կարող է անհեթեթ լինել` մեկի տրամադրության կամ «ներքին զգացողությունների» արտացոլում կամ աբստրակտ երկու բառ, կան հավանություն տված մարդկանց «բանակ»: Ա Մուրուան, իր գրքերից մեկում ունի մի դասական օրինակ. «Անգլիական թերթերում հաղորդվել էր լռության համերգի մասին, որ մի անգամ տվել է ոմն անհայտ դաշնակահար: Աղմկալի գովազդն իր գործն արել էր` համերգի օրը դահլիճը լիքն էր: Լռության մեծավարպետը նստում է դաշնամուրի առջև և նվագում, բայց քանի որ բոլոր լարերն հանած են, ոչ մի ձայն չի լսվում: Դահլիճում մարդիկ ծուռ նայում են միմյանց: Ամեն ոք սպասում է, թե ինչ կանի հարևանը, և դրա հետևանքով ամբողջ լսարանը նստում է շունչը պահած: Երկու ժամվա մեռելային լռությունից հետո համերգն ավարտվում է: Դաշնակահարը բարձրանում է ու խոնարհվում: Նրան հրաժեշտ են տալիս բուռն ծափահարություններով: Հաջորդ օրը լռության մեծավարպետը այդ պատմությունը պատմում է հեռուստատեսությամբ և վերջում խոստովանում. «Ես ուզում էի տեսնել, թե որքան հեռուն է գնում մարդկային հիմարությունը, որն անսահման է» :

ՖԲ-ում կան նախընտրած կերպարներ, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են քննարկումների կենտրոնում: Կան նաև, արտաքուստ հետաքրքիր ու «սադրիչ» թվացող գործիչներ, որոնք երբեք չեն հայտնվում թիրախում կամ կիզակետում: Այս ցանցը, որպես շփման տարածք, ենթադրում է ակտիվություն կամ պասսիվություն: Անձիք, որոնք բավականին ակտիվ են, հետզհետե ավելի ու ավելի են «կլանվում» ցանցի կողմից: Անձն արդեն չի զգում, թե իր կյանքի, կենցաղի հարաբերությունների և գործունեության որքան մասն է խլում ցանցը: Թերևս կա հնարավորություն հիմնական շփումներն ու աշխատանքային գործունեությունը հարմարեցնելու ցանցին ու օգտագործելու ֆեյսբուքյան ներուժը: Սակայն, որքան որ անկանխատեսելի ու անհաշվելի իրադարձություններ և «ընկերներ» կան, այդքանով անձը սկսում է ոչ միայն ինքը տիրապետել իր էջը, իր շփումները, այլ նաև ընկնում է որոշակի թելադրանքի տակ: Առհասարակ սոցիալական շփումների, պահանջմունքների ակտիվության մեծացման հետ զուգընթաց միկրոմիջավայրում` ընտանիքում, իրական ընկերների և հարազատներ հետ նկատվում են կապերի թուլացում: Բազմաթիվ օրինակներ կգտնենք, երբ դիտարկենք մշտապես և կլանված օգտվողի ծննդյան օրվա էջը: Շնորհավորանքների անմիջական կամ «տոն օրվա» «թեժ» պահին գրված պատասխանները վկայում են ՖԲ-ային վիրտուալ կյանքի գերիշխանության մասին: Կան բազմաթիվ սրամիտ և հետաքրքիր ստատուսներ, որոնցով հեղինակը «պատմում» է ՖԲ-ային ներգրավվածության մասին, օրինակ` «ՈՉ Ֆեյսբուքին մեծ Պահքի շրջանում», «Որոշել եմ հուլիսին ՖԲ-ից արձակուրդ վերցնել, ի վերջո կինս չի», «Մարմինդ կերանք, արյունդ խմեցինք ու…վերադարձանք ՖԲ» :

Շփման վիրտուալացման դարաշրջանում անձը հնարավորություն ունի ցանցի միջոցով գտնելու իր «ես»-ի առանցքը, իր նեքին գիտակցված և չգիտակցված պահանջմունքների բանալիները, իր իրապես նախընտրած և համակարծիք, համախոհ մարդկանց, չափանիշային մարդկանց և հետևի նրանց գործունեությանը: Անչափ հետաքրքիր է սուր բանավեճին հետևած և պասսիվ հավանություն տված մի որոշակի զանգվածի դրդապատճառների ուսումնասիրումը: Բնականաբար, այն շատ բարդ է և խորքային, դիտարկումների միջոցով կարող ենք որոշակի օրինաչափություն առանձնացնել:

Քաղաքականությունը Ֆեյսբուքում

Ֆեյսբուք գործածողներն ավելի շատ քաղաքականապես ներգրավված մարդիկ են, քան մյուսները :

Ուսումնասիրելով ՖԲ քննարկումների վիճակագրությունը` կտեսնենք, որ գերակշռող են քաղաքական թեմաները: Ամենից բացի, այն քաղաքական «լիցքաթափարան» է կամ «ապաստարան», կարելի է ասել նաև «մեկնարկարան»` մեկնակետ վերցնելու վայր (օրինակ` կան քաղաքական հայացքներով համախոհներ, որոնք ստեղծել են փակ խմբեր): Վերջին տարիների իրադարձությունների ֆոնին (մասամբ վերջին երկու տարիների) ՖԲ-ն որոշակի քաղաքական ակտիվ զանգվածի «հավաքատեղի» դարձավ, որն էլ իր հերթին նպաստեց երիտասարդ և շահագրգիռ անձանց ակտիվացմանը ու շատացմանը ցանցում: Եթե դիտարկենք հասարակական-քաղաքական կյանքի գագաթնակետերը, ՖԲ-ում մեծ քննարկումները, ապա դրանք վերաբերվում են`

1. Հայաստանի արտաքին քաղաքականությանը և Լեռնային Ղարաբաղի խնդրին,

2. ներքին քաղաքականությանը`

ա. իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին,

բ. ընդդիմություն-ընդդիմություն հարաբերություններին /հիմնականում ՀԱԿ-«Ժառանգություն»/,

գ. իշխանություն-իշխանություն հարաբերություններին /ՀՀԿ-ԲՀԿ/

3. Հայաստանում գրանցված արտակարգ իրավիճակներին և արտակարգ պատահարներին,
4. քաղաքական առանձին անհատներին, գործիչներին, Հայաստանում ճանաչված և հայտնի մարդկանց:

ՖԲ-ին բնորոշ է այն, որ այս ցանցում ավելի շատ քաղաքական ակտիվ զանգվածն է ներգրավված, ինչպես նաև հենց իրենք` հասարակական-քաղաքական գործիչները, գործադիր և օրենսդիր մարմիններն ունեն իրենց էջերը:

Ի դեպ, ուշագրավ է, երբ ներկա և նախկին պաշտոնյաներ, օրենսդիրներ, ոչ միայն մասնակցում են քննարկումներին, այլ նաև իրենց անձնային տարածքն օգտագործում են ըստ էության` հրապարակելով ցանցի էջում իրենց բանաստեղծությունները, մտորումները, և կատարում ամենայն անմիջականությամբ ու «բացությամբ»: Պաշտոնից դուրս ինքնադրսևորումը, իրեն այլ տեսակի մեջ «ցույց տալու» ցանկությունը հոգեբանական փոխհատուցման և ինքնաբավարարման մեխանիզմ է: Ի դեպ, ՖԲ-ցիների կողմից բավականին ողջունվում է և գուցե վերաբերմունք փոխում կամ «ստեղծում»:

Քաղաքական գործիչներն անմիջական շփման մեջ մտնելով տարբեր քննարկումներում` դրսևորում են անկեղծության բարձր մակարդակ: Խնդիրը նրանում չէ` այն պետք է թե ոչ, ցանկալի է կամ չէ, այլ վիրտուալ դաշտը ենթադրում է, որ շփման մի կողմում անձն է` ինքն իր հետ և դրա արդյունքը արտացոլում է ցանցում: «Չգիտեմ` պարադոքսը որն է, բայց մարդիկ, գիտենալով, որ հրապարակային խոսք են ասում ՖԲ-ում, գիտենալով, որ իրենց «պրոֆիլը» տեսանելի է, ինքնությունն` ընկալելի, չափազանց անբռնազբոսիկ ու ազնիվ են արտահայտվում, քան կարտահայտվեին տեսախցիկների առաջ կամ մամուլում» :

Եթե փորձենք շաբաթական կտրվածքով դիտարկել քաղաքական իրադարձությունների արտացոլումը ՖԲ-ում, ապա կյանքի այլ ոլորտներին հնարավոր է բաժին հասնի գեթ 10%-ը: Ավելի ետ նայելով քննարկումների պատմությանը` կտեսնենք, որ 2011թ. մարտից սկսվեցին ավելի բուռն ծավալվել: Քննարկումների բնույթն անհանդուժողական էր ու անողոք, հատկապես, որ հիմնականում երկու ընդդիմադիր ուժերի, նրանց համակիրների միջև էին ծավալվում: Անշուշտ, առանց իշխանական սադրանքի չէր ընթանում, որ գուցե ավելի «նուրբ» էր արտահայտվում, քան ընդդիմադիրները` միմյանց նկատմամբ: Մարտին ֆեյսբուքյան ակտիվացման թեման սկսվեց Մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքից: Հաջորդ լարված միջադեպը «Ժառանգություն» կուսակցության և բնակիչների բողոքի ակցիան էր` Կառավարության շենքի առաջ, Կառավարության հերթական նիստի օրը: Ողջ ցանցով շրջանառվում էին ոստիկանների հետ ընդհարումների տեսանյութերը, որոնք ընթանում էին շատ բուռն քննարկումներով: Մարտի 15-ից սկսված «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը թերևս ամենաքննարկվող թեման է եղել մինչ օրս: Հացադուլի ընթացքում տեղի ունեցավ ՀԱԿ-ի հանրահավաքը (մարտի 17), որի ժամանակ ոչ թե միացան ընդդիմադիր գործիչները, միավորեցին դաշտը, այլ ընդհակառակը. ՀԱԿ առաջնորդի կատարած քայլը մեկնաբանվում է` մեկընդմիշտ միության անհնարինությամբ : ԼՏՊ արարքը, այն «մեսիջները», որոնք միմյանց փոխանցեցին երկու առաջնորդները` մեծ ռեզոնանս առաջացրեցին սոցիալական ցանցում, որից հետո բազմաթիվ նոր ներգրավված մարդիկ, երիտասարդներ բաժանվեցին «կողմերի»: Մինչ օրս այդ բաժանարարը կա, սակայն ժամանակի հետ համեմատաբար հանդուրժող են դարձել: Ինչ վերաբերվում է այլ քաղաքական ուժերի «ներկայությանը» ՖԲ-ում և նրանց կողմից քննարկումները կուսակցականացված ուղղությամբ տանելուն, թերևս ավելի պասսիվ են դրսևորվում: Քաղաքական տեսակետից ՖԲ-ի ազատությունը թվում էր թե պիտի մաշեցներ տարակարծությունների սահմանագծերը, բազմապիսի քննարկումները պիտի հանդուրժողականություն մտցնեին և ամփոփ դարձնեին եզրակացությունները, սակայն այդ ամենը առասպել դուրս եկավ:

«2012-ին սպասվում են խորհրդարանական, 2013-ին` նախագահական ընտրություններ, ինչն արդեն զգացվում է: Քաղաքական ուժերը կօգտագործեն սոցիալական ցանցերը` որպես քարոզչության հիմնական հարթակներից մեկը, քանի որ ավանդական լրատվամիջոցներն ինչ-որ առումով իրենց սպառել են: Վիրտուալ իրականությունում սպասվում է քաղաքական թեժ աշուն» :

ՖԲ-ի զարգացման նկատելի կողմերից մեկն այն է, որ այսուհետ լրագրողների և ֆոտոլրագրողների աշխատանքն ավելի խիստ պահանջների վրա է դրվում և ավելի է բարձրանում մրցակցությունը, քանզի, եթե մեկ տարի առաջ դեռևս ՖԲ-ում հիմնականում հղում էր արվում տարբեր ԶԼՄ-ներից, ապա այսօրվա միտումն այն է, որ ԶԼՄ-ներն են հաճախ սկսել հղումներ անել ՖԲ-ից : Ինչպես նաև քաղաքական գործիչներն էլ են ՖԲ տարածքն օգտագործում իրենց հայտարարությունների համար , որից հետո լրատվամիջոցները տարածում են այն:

Առհասարակ հետաքրքիր միտում կա հասարակության, ժողովրդի մեջ: Առաջներում, թեկուզև քննադատական միտքը և դիրքորոշումը որևէ պաշտոնյայի կամ հեղինակության վերաբերյալ զուգակցվում էր նաև բարդույթ-ակնածանքի, «հարգանքի» հետ` տվյալ անձի ստատուսի, հեղինակության, դիրքի նկատմամբ, այժմ փոփոխություն է նկատվում. հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ առավել իրական, քննադատական մտածողությունն է գերակշռում, ինչպես նաև պահանջների ներկայացում և սպասումներ, բողոքներ, անխնա քննադատություն: Այս երևույթը նկատվում է նաև Ֆեյսբուքում: Դեռևս դժվար է հստակ ասել` սոցիալական ցանցի՞ց տեղափոխվեց իրականություն, թե հակառակը:

Աշխարհում, մասնավորապես այս 2011թ. իրադարձությունները, արաբական հեղափոխությունները մեծ դեր են տալիս ՖԲ-ին, ՖԲ-ային շփմամբ հեղափոխական տրամադրությունների տարածմանը: Թերևս գերագնահատել կամ թերագնահատել սխալ կլինի, քանզի հասարակականորեն թեկուզ ոչ մեծաթիվ ակտիվ ռեսուրսի դեպքում ընդհանուր զանգվածային «վարակ տարածելը», հասունացած բողոքը պայթեցնելը հնարավոր է: Ներուժ կա նաև Հայաստանում և, հատկապես օր օրի ցանցի ընդլայնման հետ տարանջատվում է առողջ զանգված, մի սերուցք: Այդ սերուցքի ներուժը կպարպվի միայն ՖԲ էջերում, թե օգտակարությունը առավել իրական տեսք կստանա, դա ճիշտ մոտեցման, մասնագիտական ճիշտ տեխնոլոգիաների գործածման խնդիր է:

1. Վահակն Կեշ, ՖԲ լիբանանահայ օգտատեր http://www.facebook.com/karen.antashyan/posts/2105547231071
2. http://www.socialbakers.com

http://www.socialbakers.com/facebook-statistics/armenia

3. Մի կուսակցական երիտասարդ, ըստ երևույթին պաշտոնյա, իր անչափ հետաքրքրաշարժ /հոգեբանական ուսումնասիրության համար հետաքրքրաշարժ/ ստատուսներից մեկում գրում է` «ՕՐՎԱ ԶԳՈւՇԱՑՈւՄԸ` ОСТОРОЖНО!!!!!!! Я НЕ В ДУХЕ ……….», 34 հոգի հավանություն են տվել ստատուսին, ծավալվել` 114 մեկնաբանություններ: Նման համատեքստում ստատուսները շատ են, այն միակը չէ, այնպես որ թյուրիմացություն չէ, նաև հումորի համատեքստում չէ: Կոնկրետ դեպքում գործ ունենք գերարժեքության բարդույթի հետ:

4. էջ 337, Անդրե Մորուա, Հույսեր և հուշեր, Գեղարվեստական հրապարակախոսություն, Երևան 1986

5. Կարեն Անտաշյան http://haygrak.wordpress.com/2010/09/29/%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%86%D5%A5%D5%B5%D5%BD%D5%A2%D5%B8%D6%82%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%BF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6/

6. http://pewresearch.org/pubs/2025/social-impact-social-networking-sites-technology-facebook-twitter-linkedin-myspace

7. Ստյոպա Սաֆարյան http://armenianow.com/hy/features/31314/armenia_online_social_networking_elections

8. Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում չմոտեցավ ողջունելու Րաֆֆի Հովհաննիսյանին, հետագայում փորձելով բացատրություններ տալ իր արարքի դրդապատճառների մասին, առավել խճճեց իրավիճակը, որին էլ անմիջականորեն պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

9. Սամվել Մարտիրոսյան http://armenianow.com/hy/features/31314/armenia_online_social_networking_elections

Հեղինակը ՌԱՀՀԿ փորձագետ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում