ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակել և կառավարության քննարկմանն է ներկայացրել հայեցակարգ՝ հանրապետությունում ոչխարաբուծության զարգացման մասին:
Հայեցակարգում ըստ մարզերի վերլուծության է ենթարկվել արոտավայրերի ծանրաբեռնվածությունը, որից ելնելով և մարզերի բնատնտեսական հնարավորություններին համապատասխան, սահմանվել են ոչխարների օպտիմալ գլխաքանակները 2011-2020 թթ.: Այս մասին ասվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքում:
Նախատեսվում է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, որտեղ խիստ սահմանափակ են արոտները, աստիճանաբար սահմանափակել ոչխարների գլխաքանակը: Փոխարենը՝ Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում, որտեղ արոտավայրերը ընդարձակ են, սակայն դրանց ծանրաբեռնվածությունը նվազել է 3-4 անգամ, առաջիկայում զգալիորեն կավելացվի ոչխարի գլխաքանակը:
Ըստ քննարկման ներկայացված հայեցակարգի, Հայաստանում ոչխարների օպտիմալ գլխաքանակը 2020 թվականին կհասնի գրեթե 1.5 միլիոնի՝ այսօրվա 532 հազարի դիմաց:









































