Թերթը գրում է, որ «հայրենի ոստիկաններն սկսել են նկարահանվել հեռոատասերիալներում:
«Ընդ որում, հեռուստաաստղի կարգավիճակում հայտնվել են այն ոստիկանները, որոնց կեղծ ցուցմունքների հիման վրա Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների վերաբերյալ դատարանները դատավճիռներ են կայացրել, կամ այն ոստիկանները, որոնք առավել ակտիվ են ընդդիմադիր երիտասարդների նկատմամբ բռնություն գործադրելիս»:
Թերթը զրուցել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանի հետ: «Քանի որ ռեժիսորները շատ էին դիմում ոստիկանություն՝ սերիալներում կամ ֆիլմերում ոստիկանական մեքենաներ, համազգեստ կամ որևէ տեխնիկա օգտագործելու համար, ոստիկանության շտաբում հատուկ խումբ ստեղծվեց: Հենց այդ խումբն է զբաղվում այդ գործերով»,- ասել է վարչության ղեկավարը՝ նշելով, ոստիկանների մասնակցությունն անուղղակի է, և նրանք դերասանի ֆունկցիաներ չեն կատարում. «Շատ հնարավոր է, որ տրանսպորտային միջոցը վարող ոստիկանը երևա, բայց նա որպես դերասան հանդես չի գալիս»:
Նրա խոսքով՝ նկարահանումների համար ոստիկանները գումար չեն ստանում:
«Ամեն դեպքում մենք չենք խնդրում, որ ոստիկանները նկարահանվեն: Նրանք են մեզ խնդրում։ Ու եթե դա չի խանգարելու ծառայությանը, հնարավորինս փորձում ենք նկարահանման խմբին աջակցել»










































