Խելախոսների (smartphone) համար ծրագրերը չեն պաշտպանում օգտվողների տվյալները` եզրակացրել են ViaForensics կենտրոնի վերլուծաբանները:
Գողացված սարքը հանցագործին մուտք է ապահովում օգտվողի բոլոր հաշիվներին և ծառայություններին: Խոցելի են ծրագրերի մեծ մասը` ներառյալ PayPal, eBay, Gmail, Skype և Facebook հաշիվները:
Վերլուծաբանները 9 ամսվա ընթացքում ստուգել են 100 ծրագիր: Դրանց 83 տոկոսը խոցելի են համարվել: Ինչը նշանակում է, որ անձի մուտքի անունը, ծածկագիրը, անձնական ֆինանսական տեղեկությունները, շփումների ցուցակները և առևտրային տվյալները կարող են օգտագործվել հանցագործների կողմից:
Ամենախոցելի տեղեկությունն օգտվողի անունն է. ծրագրերի 76 տոկոսը հնարավորություն է տալիս դրանք ազատ կարդալ: Խելախոսների 10 տոկոսի դեպքում կարելի է ազատ կերպով տեսնել ծածկանունները: