Ճապոնիայի վարչապետի պաշտոնում Ֆումիո Կիսիդան առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում կողմերը հաստատել են ճապոնա-ամերիկյան դաշինքի ամրապնդման և ազատ ու բաց Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գաղափարի իրագործման մտադրությունները։ Այս մասին փոխանցում է Kyodo գործակալությունը։
Ճապոնիայի կառավարության ղեկավարը զրույցի ընթացքում ասել է, որ մտադիր է շարունակել աշխատել այնպիսի գլոբալ խնդիրների ուղղությամբ, ինչպիսիք են կորոնավիրուսի դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը, աշխարհի լիարժեք ապամիջուկայնացումը։
Իր հերթին Բայդենը հաստատել է Ճապոնիան պաշտպանելու ամերիկյան պարտավորությունը՝ հստակեցնելով, որ այդ պարտավորությունները տարածվում են նաև Սենկակու կղզիների վրա, որոնց հավակնում է Չինաստանը։
Կողմերը միասնական կարծիք են հայտնել հյուսիսկորեական հատուկ ծառայությունների կողմից առևանգված ճապոնացիների խնդիրների լուծման համար հետագա համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ։







































