Յոթ տարվա պայքարից հետո Կոպենհագենի Քրիստիանիա «հիպպի-թաղամասի» բնակիչները հասան որոշակի անկախության քաղաքային իշխանություններից` հայտնում է BBC-ն: Դեռ այս տարվա փետրվարին Դանիայի Գերագույն դատարանը վճռել էր, որ այդ շրջանը պատկանում է պետությանը, և այնտեղ բնակվող մարդիկ պետք է հեռանան:
Դանիական կառավարությունը շրջանին կիսաինքնավար կարգավիճակ շնորհեց: Այժմ այն կոչվելու է «Քրիստիանիա ազատ քաղաք», և քաղաքացիները կարող են գնել այն հողը, որի վրա գտնվում են իրենց տները: Մնացած տարածքները պետությունը վարձով կտա:
Նշենք, որ Քրիստիանիան հիմնվել է 1971 թ, երբ մի խումբ հիպպիներ բնակություն հաստատեցին Կոպենհագենի լքված զորանոցներում: Բնակիչների և պետության միջև պայմանագիր էր կնքվել այդ տարածքի օգտագործման վերաբերյալ, սակայն փաստաթուղթը 2004 թ. չեղարկվեց պետության կողմից, որովհետև Քրիստիանիայում 130-ից ավել ապօրինի տուն էր կառուցվել:









































