Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթը, Փարիզի դատախազություն բողոք են ներկայացրել լուսանկարիչ Տիբո Դալիֆարի դեմ: Այս մասին սեպտեմբերի 26-ին հայտնել է Europe-1 ռադիոկայանը:
Դալիֆարը կազմակերպել է արձակուրդում գտնվող ֆրանսիացի առաջնորդների լուսանկարների երկշաբաթյա ցուցահանդես, որտեղ տեղ է գտել նաև Մակրոնի լուսանկարը ՝ ակվաբայք վարելիս:
Նախագահի լուսանկարը տեղադրվել էր Ելիսեյան պալատի անմիջապես դիմաց գտնվող պատկերասրահի ցուցափեղկում, և նախագահական զույգն ամեն անգամ նստավայր հասնելիս կարող էր տեսնել այն:
Փարիզի դատախազությունը նախաքննություն է սկսել անձնական կյանքին միջամտելու փաստով։
Նշվում է, որ 2017 -ին Ֆրանսիայի նախագահն արդեն բողոք էր ներկայացրել Դալիֆարի դեմ այն բանից հետո, երբ նա ներխուժել էր Մարսելում գտնվող տան տարածք, որտեղ զույգը մի քանի օր իր արձակուրդն էր անցկացնում։ Սակայն ավելի ուշ նա ետ էր վերցրել բողոքը: