ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵՄ-Ռուսաստան ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերությունների կառուցումը։ Այս մասին հայտնում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը։
Նշվում է, որ Ռուսաստանի և Եվրամիության միջև տարաձայնությունները պահպանվում են, մասնավորապես Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև կիբերհարձակումների, ապատեղեկատվությա և այլ հիբրիդային սպառնալիքների հարցերով։
Հանդիպման ընթացքում շոշափվել է նաև անվտանգության գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում համագործակցության շարունակման թեման, այդ թվում Աֆղանստանի, Լիբիայի, Մալիի, մերձավորարևելյան խաղաղ գործընթացի և իրանական միջուկային գործարքի հարցերով։










































