Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են ադրբեջանական իշխանություններին՝ Բաքվի կենտրոնում գտնվող Խաղաղության ու ժողովրդավարության գրասենյակի ավերման համար։
Գրասենյակը պատկանում էր ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին ու նրա ամուսնուն։ Amnesty International-ը հայտարարել է, որ նման կերպ ադրբեջանական իշխանությունները պատժեցին Լեյլա Յունուսին, ով շենքի ավերումից ընդամենը մեկ օր առաջ ամերիկյան The New York Times հեղինակավոր թերթի միջոցով քննադատել էր իրենց։
Amnesty International-ի աշխատակից Նաթալիա Նոզազադեն նշել է, որ Լեյլա Յունուսը դարձավ ադրբեջանական իշխանությունների կողմից առանց միջազգային չափորոշիչների պահպանման՝ Բաքվում շենքերի ավերման ու բնակիչների վտարման գործընթացի վերջին զոհը՝ ընդգծելով, որ դատարանը շենքի ավերումն արգելել էր մինչև 2011 թվականի սեպտեմբերի 13-ի դատական նիստը։
Amnesty International-ը ադբեջանական իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարկադիր վերաբնակեցումն ու մասնավոր սեփականության ավերումը և փոխհատուցում վճարել բոլոր տուժածներին։
Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև Human Rights Watch-ը. «Ադրբեջանական կառավարությունը պետք է անհապաղ հետաքննի շենքի ավերումն ու օպերատիվ ձևով փոխհատուցի բոլոր կորուստների համար»:
Հիշեցնենք, որ Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության գրասենյակի ավերումն արդեն իսկ դատապարտել են ԵՄ-ն և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը՝ ընդգծելով, որ դա արվել է խաբեությամբ ու ապօրինի ճանապարհով, ինչի պատճառով գրասենյակի սեփականատերերը չեն կարողացել շենքից դուրս բերել իրենց փաստաթղթերն ու գույքը։







































