Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ, հինգշաբթի օրը հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը:
Հաագայի դատարանի հաղորդագրության համաձայն՝ հայցվորը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին», և որ «պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների»:
«Այդ գործելակերպը հերթական անգամ առաջ է մղվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո», – ասված է հայցադիմումում:
Պաշտոնական Երևանն իր հայցում ընդգծում է, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է հայ գերիների, պատանդների և ձերբակալված այլ անձանց սպանությունները, խոշտանգումներն ու մյուս նվաստացումները:
Հայաստանը Հաագայի դատարանից պահանջում է «պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների համար, կանխարգելել հետագա վնասը և հատուցել արդեն պատճառված վնասը», ինչպես նաև «ծայրաստիճան հրատապությունից» ելնելով նախնական միջոցներ կիրառելու ցուցում տալ՝ «պաշտպանելու և պահպանելու Հայաստանի իրավունքները և հայերի իրավունքները հետագա վնասից, կանխելու այս վեճի սաստկացումը և ընդլայնումը»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը պաշտոնական Երևանի քայլը դրական է համարում․«Բայց նաև ուզում եմ հատուկ նշել, որ վաղուց պետք է ոչ միայն իրավական քայլ անեինք, այլ քաղաքական՝ այսինքն դիմեինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Ընդ որում՝ դա պետք է անեինք պատերազմի ժամանակ կամ անմիջապես հետո։ Ցանկացած դեպքում դրական է, որ դիմեցինք միջազգային դատարան, պարզապես շատ կարևոր է, որ դա զուգակցվի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ դիմելով, որ քաղաքական դիվանագիտական բաղադրիչներ էլ լինեն։ Երբ աշխատում են իրավաբանները, դատապաշտպանները՝ դա զուտ իրավական պրոցես, մեզ մոտ շատ կարևոր է նաև էմոցիոնալ քաղաքական-դիվանագիտական հատվածը։ Ադրբեջանն իսկապես լկտիանում է, մտավ մեր տարածքներ, Ռուսաստանն էլ միանշանակ պրոադրբեջանական քաղաքականություն է վարում այդ թվում միջազգային քաղաքականության մեջ։ Դա է պատճառը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ու ԵԱՀԿ դուրս գալը մեզ օդի նման հարկավոր է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ անհասկանալի են նաև ԵԱՀԿ-ի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ երկու կողմերին արվող հավասար կոչերը․«Դա ինչի՞ց է գալիս։ Իրենց բոլոր հայտարարություններն առանց բացառության միանշանակ մեր օգտին էին։ Բայց հայկական կողմը հետևողական աշխատանք չի տանում միջազգային կառույցների հետ՝ ցույց տալու այսօրվա իրական վիճակը։ Մենք մանրուքների վրա քիչ ենք ուշադրություն դարձնում, բայց դրանք շատ կարևոր են։ Իմ ունեցած տվյալներով՝ ամեն ինչ արվում է, ապացուցելու ՀՀ ղեկավարներին, որ ՄԱԿ դիմելու պարագայում մենք խնդիրներ կունենանք։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Նույնիսկ եթե Հայաստանը մատը մատին չխփի Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները թույլ չեն տա, որ ոտնահարվեն մեր իրավունքները։ Նույնիսկ եթե Հայաստանը ֆորմալ բողոք ներկայացնի ու սուս ու փուս նստեն, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները որպես մշտական անդամ թույլ չեն տա, որ մեր դեմ ինչ-որ որոշում ընդունվի։ Իրենք շատ լավ լարված են Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, նաև՝ Ռուսաստանի դեմ։ Պետք է միանշանակ դիմենք, իրավական, քաղաքական ու դիվանագիտական պրոցեսները պետք է զուգակցվեն»։
Հարցին, թե մինչ այժմ Հայաստանը ինչու՞ էր հապաղում, արդյոք նորից կա Ռուսաստանի գործոնն այս հարցում, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց․«Իմ կարծիքով, այո, Ռուսաստանի գործոնն է։ Ռուսաստանը համոզում է, ճնշում է, ասում է, որ մենք կաջակցնեք, հետո չի աջակցում։ Հասկանալի է, թե Ռուսաստանի քաղաքականությունը որն է։ Եթե մենք չենք դիմում այլ խաղացողների, հույսներս կապում ենք միայն Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն էլ կարողանում է մանևրել, մանիպուլացնել։ Օրինակ՝ Ռուսաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվում է, որ իրենց վերահսկողության տակ վերցնեն Կապանն ու Գորիսը, հետո հայերին ասում են՝ ձեզ կաջակցնեք, միայն թույլ տվեք, որ այստեղ զորք բերենք։ Այդ զորքերը մեզ չեն պաշտպանում։ Ռուսաստանը լուծում է իր հարցերը, մենք կարող ենք քննադատել, բայց դա որևէ նշանակություն չունի։ Պետությունն ունի շահեր ու լուծում է իր հնարավորությունների շրջանակներում։ Ամեն մեկը քայլեր է անում իր հնարավորությունների շրջանակներում։ Օրինակ Եվրամիությանը Միացյալ Նահանգներին այսպիսի խորամանկություններ պետք չեն, իրենք ուզում են Հայաստանի հետ աշխատել, բաց ասում են, որ ուզում են այստեղ ունենալ ազդեցություն։ Եվ փոխարենը առաջարկում են ֆինանսական աջակցություն, տեխնիկական, տեխնոլոգիական աջակցություն։ Իրենց պետք չէ ինչ-որ բան մոգոնել, մեզ աջակցում են բաց ու պարզ դեմքով»,-եզրափակեց նա։








































