Ռուս խաղաղապահները Արցախում կմնան հինգ տարի, ինչպես համաձայնագրում է, որից հետո տեղակայման ժամկետը կերկարաձգվի: Այդ մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ պետական գործակալության, հայտարարել է խաղաղապահների արդեն նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը, որն ամփոփել է իր աշխատանքը նախկին կարգավիճակում: Ինչպես հայտնի է, Մուրադովին փոխարինել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որի հետ նախօրեին հանդիպել էր Հայաստանի պաշտպանության նախարարը: Կբերի՞ արդյոք խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարի փոփոխությունը կոնտինգենտի և դրա շուրջ, ընդհանրապես Արցախխի շուրջ առկա իրավիճակի փոփոխության: Սյզբունքորեն, դա իհարկե հնարավոր է, որովհետև հրամանատարից կախված է շատ բան, սկսած հենց տեղում խաղաղապահ առաքելության մասնակից զինծառայողների վարքից, մինչև հնարավոր ռիսկերին կամ խնդիրներին արձագանքելու օպերատիվություն: Այդ տեսանկյունից, դաղստանցի, էթնիկ ծագումով՝ թաբասարանցի Ռուստամ Մուրադովի փոխարեն Կոսոբոկովի նշանակումը ինչ փոփոխություն կբերի խաղաղապահ կոնտինգենտի աշխատանքում, ռազմավարական կամ ընթացիկ իմաստով, դեռ պետք է տեսնել:
Կոսոբոկովը եղել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ, դրանից առաջ եղել է ռուսական ռազմակայանի հրամանատարը Աբխազիայում: Գուցե ոչ ամեևին վճռորոշ կամ հույժ կարևոր, սակայն հատկանշական է, որ Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարը առաջին հանդիպումն ունենում է Հայաստանում: Թեև, կրկնեմ, որ այդ հանգամանքը չի կանխորոշում քաղաքական զարգացումների որևէ ընթացք: Դրանք կանխորոշվում են լայն ռազմավարական խնդիրներով, որ առկա են Ռուսաստանի առաջ, և մնացյալ մեծ ու փոքր դերակատարների հանդեմ այդ խնդիրների հարաբերակցությամբ: Տվյալ առումով հատկանշական է, որ Ռուստամ Մուրադովը ավարտելով առաքելությունը հայտարարում է, որ հինգ տարի անց ռուս խաղաղապահների մանդատը կերկարաձգվի: Մուրադովը այդ մասին խոսել է աներկբա, միարժեք ձևակերպումով: Կամ, համենայնդեպս նրա խոսքն այդպես է փոխանցել ՌԴ պետական գործակալությունը՝ ՏԱՍՍ-ը: Սա այն ալիքի ֆոնին, որ պարբերաբար ակտիվանում է, և այդ ռեժիմում էր վերջին շրջանում Ադրբեջանում: Խոսքը ռուս խաղաղապահների ներկայության դեմ տրամադրությունների մասին է, որոնք անկասկած դուրս չեն պաշտոնական Բաքվի ծիրից:
Բանն այն է, որ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվում են հակամարտող կողմերի համաձայնությամբ, իսկ նրանց մանդատի երկարաձգումը կարող է լինել ինքնաբերաբար, եթե ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ կողմերից որևէ մեկը չընդդիմանա դրան: Մինչդեռ, Ադրբեջանը առայժմ չի ստորագրել անգամ առաջիկա հնգամյակի մանդատը: Սա Ռուսաստանի համար լուրջ խնդիր կարող է դառնալ այն դեպքում, երբ Ադրբեջանն իր դիրքորոշման հարցում սկսի էապես զգալ ԱՄՆ աջակցությունը: Մյուս կողմից, Բաքուն ռուս խաղաղապահների ներկայության հանդեպ պարբերաբար հանրային դժգոհություն է խթանում թերևս այն մտավախությամբ, որ Մոսկվան կարող է այդ հարցում պայմանավորվել Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ, ինչը բավականաչափ կբարդացնի Անկարայի, գուցե նաև Թուրքիայի գործը: Այլ կերպ ասած, Բաքվի դժգոոհությունը կարող է խթանվել նաև Անկարայից: Այս խնդիրը առաջիկայում թերևս հավակնում է դառնալ ռեգիոնալ զարգացումների առանցքային հարցերից մեկը:










































