Քաբուլում Նորվեգիայի դեսպանատանը թալիբները գտել են դիվանագետների կողմից այնտեղ թողնված դահուկներ, գինիների հավաքածու, ինչպես նաև գրքեր, ֆիլմերի և երաժշտական սկավառակներ։ Այս մասին հայտնում է նորվեգական Aftenposten պարբերականը։
Լրագրողները նշում են, որ թալիբները երկար են ուսումնասիրել դահուկները՝ փորձելով պատկերացնել, թե ինչի համար են դրանք նախատեսված։ Որոնումների արդյունքում հայտնաբերված բոլոր սկավառակները ոչնչացվել են։ Ենթադրվում է, որ ալկոհոլային խմիչները նույնպես այդ ճակատագրին կարժանանան։
Նշենք, որ Նորվեգիայի դեսպանատան աշխատակիցները տարհանվել են երեկ՝ ներսում թողնելով բազմաթիվ իրեր։ Ներկայում դիվանագետները գտնվում են Օսլոյում։ Երկրի ԱԳՆ-ում նշել են, որ բոլոր կարևոր փաստաթղթերն ու սարքավորումները ոչնչացվել էին տարհանումից տևական ժամանակ առաջ։