Հյուսիսային Մակեդոնիայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել Տետովոյի՝ կորոնավիրուսով հիվանդներին բուժող հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհերի հիշատակին: Комсомольская правда պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Հյուսիսային Մակեդոնիայի կառավարության մամուլի ծառայությունից:
Սեպտեմբերի 9-11-ը կիջեցվի երկրի պետական դրոշը: Բնակչությանը կոչ են արել նշված օրերի ընթացքում հետաձգել ժամանցային միջոցառումները:
Կորոնավիրուսով հիվանդներին բուժող հիվանդանոցում հրդեհ էր բռնկվել սեպտեմբերի 8-ի երեկոյան: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էր շուրջ 30 հրշեջ և 7 միավոր տեխնիկա: Հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել, 20-ը՝ վիրավորվել: Վիրավորներին տեղափոխել են Սկոպյեի հիվանդանոց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, երկրի առողջապահության նախարարը զգուշացրել էր, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է: