Մինչ Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը կատարվում է նմուշառում, ապա իրացման համար ապրանքը սերտիֆիկացվում է: Եթե ՀՀ ներմուծված ամբողջ ապրանքը չի համապատասխանում չափանիշներին, ապա սնունդը խոտանվում է. «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
«Հայաստանի Հանրապետություն ապրանքը մտնում է միայն համապատասխան սերտիֆիկատի առկայության դեպքում: Եթե այն որոշակի հարցեր առաջացնում է, մտնում է համապատասխան լաբորատորիա»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ներկայում կան երկրներ, որտեղից Հայաստան սննդամթերք չի ներկրվում, իսկ այն, ինչ բերվում է հանրապետություն մտնում է միայն լաբորատորիա, որի դրական եզրակացությունից հետո նոր ապրանքը ներկրվում է:
«Ճապոնիայից ներմուծված սննդամթերքի վրա սահմանափակումներ դրվեցին աղետից հետո: Թուրքիայից ներմուծվում է միայն մեկ օրական ճուտ: Դրանից բացի՝ ոչ կենդանական, ոչ բուսական ծագման սնունդ չի մտնում Հայաստան»,- ասաց Բ. Պիպոյանը:
Նրա խոսքով՝ կան սննդատեսակներ, որ մոտ օրերս ոչնչացվելու են: Կա սնունդ, որը ներկրվել է Հայաստան, բայց մինչև նմուշը չի բերվել, այն կնքվել է պահեստներում: Դա ևս գնալու է ոչնչացման:
«Խոսքը վերաբերում է սառեցրած մսին, որն ամբողջությամբ գնալու է ոչնչացման»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:







































