Երևանի «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը միացավ Հայաստանի ազգային հավաքականին, որն առաջիկա օրերին աշխարհի առաջնության ընտրական փուլում կարևորագույն երեք հանդիպում է անցկացնելու։ Սեպտեմբերի 2-ին մերոնք Սկոպիեյում կմրցեն Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ երեք օր անց կհյուրընկալվեն աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային։ Սեպտեմբերի 8-ին էլ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը կխաղա Լիխտենշտեյնի հետ։ Օգոստոսի 25-ին մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել էր հրավիրված ֆուտբոլիստների ցանակը, որում Բուչնևը չկար։ «Մենք հետևում ենք Բուչնևին և ես հավանում եմ նրա խաղը։ Նա այն ֆուտբոլիստն է, որը իր որակներով համապատասխանում է մեր հավաքականին։ Ինքը մեծ ցանկություն ունի հանդես գալու Հայաստանի հավաքականում։ Հավաքականի դռները բաց են նրա առաջ։ Ամեն պահի նա կարող է հրավիրվել»,- նշել էր Կապառոսը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվ գործընաց է սկսել հայկական արմատներ ունեցող Բուչնևին ազգային թիմում համալրելու ուղղությամբ։
«Ազգությամբ հայ է իմ պապիկի մայրը, և ես չէի մտածում, որ հնարավոր է ստանալ Հայաստանի անձնագիր ու իրավունք խաղալու Հայաստանի ազգային հավաքականում։ Այդ թեմայով խոսակցություն ունեցա «Փյունիկի» տեխնիկական տնօրեն Արտուշ Մկրտչյանի հետ, և նա ասաց, որ դա բավարար հիմք է Հայաստանի հավաքականում խաղալու համար։ Եթե ինչ-որ բանով կարող եմ օգնել թիմին, միշտ պատրաստ եմ: Յուրաքանչյուր մարդու համար հպարտություն է խաղալ ազգային հավաքականի կազմում: Իհարկե, ես չեմ կարող ասել, որ ինձ լիարժեք հայ եմ զգում, բայց հայկական արյուն ունեմ և դրանով հպարտանում եմ»,- Vnews-ին տված հարցազրույցում ասել էր Բուչնևը։ Վերջինիս հրավիրելու համար անհրաժեշտ էր լուծել անձնագրային և փաստաթղթային հարցերը։ Եվ ահա, օգոստոսի 28-ին ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարեց, որ դարպասապահի անձնագրային հարցերն ամբողջությամբ կարգավորված են և Բուչնևը միացել է հավաքականին։ Հիշեցնենք, որ մեր հավաքականի հիմնական դարպասապահ Դավիթ Յուրչենկոն վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ալաշկերտի» վերջին հանդիպումները։ Նրա մասնակցությունն առաջիկա հանդիպումներին հարցականի տակ է։ Յուրչենկոյի բացակայության դեպքում մեր հավաքականը կհայտնվեր բավական ծանր իրավիճակում։ Առաջիկա հանդիպումնեին հրավիրված «Ուրարտուի» ներկայացուցիչներ Արսեն Բեգլարյանի և Անատոլի Այվազովի որակները ուղղակի չեն համապատասխանում հավաքականին։ Այվազովը որևէ պաշտոնական հանդիպում չի անցկացրել ազգային թիմում, իսկ Բեգլարյանի վատ խաղի հետևանքով մեր գլխավոր թիմը բազմաթիվ գնդակներ է բաց թողել։ Ինչևէ, ՀՖՖ-ին հաջողվեց լուծել հրատապ խնդիրը։
Առաջիկա հանդիպումներին Հայաստանի դարպասը պաշտպանված կլինի։ Իսկ ով է Ստանլսլավ Բուչնևը։ Դարպասապահը ծնվել է Վլադիկավկազում: Մեկ տարի առաջ նա Վորոնեժի «Ֆակելից» տեղափոխվել է «Փյունիկ», որի կազմում անցկացրած 24 խաղում 10 անգամ սեփական դարպասն անառիկ է պահել: «1915 թվականին իմ նախնիները բնակվել են Կարսի մարզի Բլագոդարնոյե գյուղում։ Նրանք մոլոկաններ են եղել։ Մեծ Եղեռնի ժամանակ նրանք ստիպված են եղել փախչել դեպի արևելք` Երևան, այնուհետև՝ Վլադիկավկազ։ Այդ ճանապարհին նրանք հանդիպել են հայ երեխաների, որոնց ծնողներին սպանել էին թուրքերը: Այդպես, երեխաներին թաքցնելով արկղերի մեջ՝ հասցրել են Վլադիկավկազ: Այնուհետև, նրանք որդեգրել են նրանցից մեկին, որը հետագայում դարձել է իմ պապիկի մայրը: Նրա անունն է Կատյա Հակոբի Բաբայան: Հետագայում նա ամուսնացել է իմ մեծ պապի հետ, որը ռուս էր, և վերցրել է նրա ազգանունը` դառնալով Եկատերինա Բուչնևա: Նա նույնպես ապրել է մոլոկանների հետ և նրա անունը դրել են Կատյա՝ ի պատիվ իր ռուս ընկերների»,- ասել է Բուչնևը։
Վերջինս 31 տարական է, իսկ հասակը՝ 185 սմ է։ Հայաստանի ազգային հավաքականը այսօր առավոտյան մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա։ Բուչնևի մրցավայր կմեկնի վաղը։ Ինչևէ, կարևոր հանդիպումներից առաջ ՀՖՖ-ին հաջողվեց կարգավորել լուրջ խնդիրը։ Այնուամենայնիվ պետք է ընդունենք, որ հայկական ֆուտբոլում դարպասապահի հարցը շարունակում է մնալ օրակարգային։ Այսօր չունենք գեթ մեկ հայ դարպասապահ, որը կարող է խաղալ ազգային թիմում։








































