«Ճիշտ է, պատմության մասին «եթե»-ներով չեն խոսում, բայց պիտի համարձակվեմ ենթադրել, որ երրորդ հանրապետության պատմությունը գուցե այլ սցենարով զարգանար, եթե 1998 թվականին 2021 թվականի սցենարով արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորություն լիներ: 1998 թվականին, երբ գործող նախագահը հրաժարական տվեց, դա դարձավ նրա առաջարկած քաղաքական խոսույթի պարտությունը ու, ըստ էության, հեռացումը ներքաղաքական կյանքից», խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով արցախյան հարցի մասին:
Ըստ նրա, 1998-ից հետո արցախյան խնդիրը դուրս մնաց հանրային քննարկումների, քաղաքական քննարկումների դաշտից: Շոշափված խնդրին անդրադարձել եմ բազմիցս, ընդ որում տարիներ շարունակ, խոսելով այն մասին, որ Հայաստանում չկա արցախյան հարցի ռազմավարական գնահատում և չափում, դրված խնդիրներն ու մոտեցումները իրավիճակային են, չեն պարունակում կոնցեպտուալ մոտեցումներ, տեղավորված լինելով պետական զարգացման ընդհանուր ռազմավարության շրջանակում: Նաև այդ պատճառով է, որ Հայաստանը ապրել է իր շուրջ հասունացող մարտահրավերներին անհամարժեք ընթացքով, ու դրա պատճառը եղել է ոչ միայն «էլիտաների» անհամարժեքությունը, մտածողությունը, ոչ բավարար արժեհամակարգը, նյութապաշտությունն ու անհագ ախորժակը, այլ ընդհանրապես հանրային-քաղաքական օրգանիզմի անկենսունակությունը: Ի վերջո, արցախյան հարցի շուրջ մշտական քաղաքական դիսկուրսը պետք է լիներ հենց այդ անհամարժեք «էլիտաներին» զսպող, սթափության գոնե նվազագույն մակարդակի բերող հանգամանք, ինչը բացակայել է: Իհարկե հերթական անգամ հարկ է նկատել, որ այդ դիսկուրսը չեզոքացվել է հենց «էլիտայի» կամքով, հենց ավելորդ պատասխանատվության տակ չհայտնվելու համար, արցախյան հարցը ներսում և դրսում ըստ հայեցողության օգտագործելու համար: Նույն այդ տրամաբանությանն էլ իրենց հփրթին տրվել են ժամնանակի ընդդիմադիր «էլիտաները»: Հետևանքը եղել է այն, որ ձևավորվել է տոտալ անպատասխանատվություն: Եվ ահա այստեղ է, որ բավականին ուշադրության է արժանի Նիկոլ Փաշինյանի շոշափած հանգամանքը. գուցե այլ կերպ լիներ, եթե գործեր խորհրդարանական կառավարման մոդել:
Բանն այն է, որ արցախյան հարցում տոտալ անպատասխանատվության ռեժիմում, պատասխանատվության գործնականում միակ կամ բացառիկ սուբյեկտ են դիտվել նախագահները: Նրանք էլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների, քաղաքական կոնյուկտուրայի բերումով ընդունել են այդ «բեռը , փորձելով այն վերածել իրենց անձնական առավելության ներքին ու արտաքին դաշտում, բայց ինչի հետևանքով սկսել է արցախյան հարցում հաղթող պետության առավելությունը կորցնել Հայաստանը:
Հնարավոր չէ միարժեք պնդել, որ խորհրդարանական կառավարման պայմաններում Հայաստանում իսկապես լինելու էր պատասխանատվության համարժեք միջավայր: Այդուհանդերձ, ժամանակի ընթացքում այդ սխեման կարող էր ունենալ իսկապես դրական ազդեցություն, կանխելով հետագա դեգրադացիան: Ի վերջո, մի բան է, երբ այդ բարդ և կենսական, ողնաշարային հարցում պատասխանատվությունը դե յուրե և դե ֆակտո կենտրոնանում է մեկ գործչի ուսին՝ որքան էլ դրա տակ նախագահական ամբողջ ինստիտուտ է, և բոլորովին այլ է, երբ պատասխանատվությունը տարածվում է խորհրդարանի վրա ամբողջապես՝ որպես առաջնային մանդատի կրող ինստիտուտ, որտեղ էական դեր ունի նաև ընդդիմությունը՝ առնվազն մանդատի կրող լինելու հանգամանքով: Ինչ խոսք, մեխանիզմը կենսունակ կամ գործունակ կարող է լինել քաղաքական դաշտի, մշակույթի, քաղաքական համակարգի կայացածության պայմաններում:
Մյուս կողմից սակայն, մեխանիզմի ներդրումը կարող է ժամանակի ընթացքում բերել որոշակի անհրաժեշտությունների, որոնք էլ կարող են հանգել քաղաքական դաշտի կայացմանն ուղղված առավել գործուն ջանքերի, երբ չլինի այն մեկը կամ միակը, որի վրա հնարավոր է բարդել ամբողջ պատասխանատվությունը: Եվ այդ առումով իսկապես դիտարկման է արժանի այն, որ Հայաստանը գուցե նախագահական կամ կիսանախագահական համակարգով ավելի քան քառորդ դար գուցե կորցրել է ժամանակ, և իսկապես ծանրակշիռ ու խորքային քննարկումներ են անհրաժեշտ հասկանալու համար, թե արդյո՞ք Հայաստանի համար շահեկան է լինելու վերադարձը նախագահական կամ կիսանախագահական մոդելին, և արդյո՞ք այն վերստին չի բերի պատասխանատվության տոտալ դեֆիցիտի և ամեն ինչ մեկի վրա բարդելով «քաղաքական անհոգության» ռեժիմի: Իհարկե, այնպես չէ, որ այժմ այլ վիճակ է: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ մեխանիզմի խորքային ազդեցության համար պետք է ժամանակ, պետք են տարիներ:









































