Ղազախստանի հարավի զորամասերից մեկի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 90-ի։ Այս մասին հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Տուժածներից 49-ն արտակարգ իրավիճակների դեպարտամենտի աշխատակիցներն են։ ՊՆ նախարար Նուրլան Երմեկբաևը հայտնում է 4 զինվորականի մահվան մասին։
ՏԱՍՍ-ը, հղում անելով գերատեսչությանը, հայտնում է, որ կրակը տարածվել է պահեստի 697 քմ տարածքում։ Պայթած զինամթերքի բեկորները տարածվել են 2 կմ շառավղով։ Նախնական տվյալներով՝ պահեստում գտնվել է ավելի քան 500 տոննա տրոտիլ։
Հիշեցնենք, որ հրդեհն ու դրան հաջորդած պայթյունը տեղի են ունեցել Ժամբիլի մարզի Թարազ քաղաքի մոտ գտնվող զորամասի պահեստում։ Ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել 6 պայթյուն։
Անվտանգության կանոնների խախտման փաստով հարուցվել է քրեական գործ։ ՊՆ-ն չի բացառում նաև հրկիզման վարկածը։