Այսօր երիտասարդների միջազգային օրն է։ Այսօր մի քանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհավորեցին հայ երիտասարդներին և խոսեցին երիտասարդության հրատապ խնդիրներից։
«Հայ երիտասարդներին կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ կուսակցական երիտասարդներ, աղանդավորներ և չտեղեկացված, հիմնականում շրջանների բնակիչ երիտասարդներ»,- ասում է «Անկախության սերունդ» հկ-ի գլխավոր քարտուղար Անի Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ որոշ կուսակցությունների անդամ երիտասարդներն ունեն մի շարք արտոնություններ՝ թե՛ համալսարաններում, թե՛ աշխատանք գտնելու հարցում։
Երիտասարդության կուսակցական ակտիվությունը փաստեցին նաև ասուլիսի մյուս բանախոսները:
«Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի քաղաքական կուսակցության անդամ լինել, սակայն իր դիրքը համալսարանում իրավունք չունի օգտագործել կուսակցության PR-ը անելու համար»,- ասում է
Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը և փաստում, որ ուսանողական խորհուրդների նախագահներից կամ անդամներից շատերը կուսակցական են։
Երիտասարդների կարևորագույն խնդիրն, ըստ բանախոսների, զբաղվածության հիմնահարցն է։ Երիտասարդ ընտանիքների համար մեծ խնդիր է նաև բնակարան ձեռք բերելը։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած ծրագիրը, որ իբր պետք է բնակարարնները մատչելի դառնան երիտասարդների համար, իրականում միջին եկամուտ ունեցողների համար չէ։ «Այդ ծրագիրը պահանջում է բարձր տոկոսադրույք, բարձր կանխավճար։ Այսինքն՝ բնակարանները հասանելի է դարձնում նրանց համար, ում դրանք առանց այդ էլ հասանելի են»,- ասում է Անի Բաղդասարյանը։









































