«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։
-Պարոն Մալխասյան, Ազգային ժողովում լեզվակռիվը, պատասխան ելույթները վերաճեցին ձեռնամարտի հենց այն ժամանակ, երբ Ազգային ժողովում ներկայացվում էր կառավարության ծրագիրը։ Փաստորեն կառավարության ծրագիրը, դրա վերաբերյալ հարցուպատասխանը հետաքրքիր չէ ընդդիմությանը։ Դուք ի՞նչ դիտարկումներ ունեք այս ամենի վերաբերյալ։
-Կրկես է սա։ Կարելի է Երևանի կրկեսի կառուցումն այլևս ավարտին չհասցնել։ Մարդիկ, ովքեր կրկես են ուզում սկսեն Հայաստանի Ազգային ժողովի նիստերը նայել։ Այնտեղ որևէ բովանդակային, խորքային քննարկումներ, մեր կյանքը, Հայաստանի առաջընթացը ապահովելու համար չկա։ Այնտեղ միայն փոխադարձ մեղադրանքներ, կշտամբանքներ ու հայհոյանքներ են հնչում։ Մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանն ասում է՝ հայհոյանքը խոսքի սով է։ Որ ասելիք չկա, խոսելիք չկա, անցնում են հայհոյանքի։ Հիմա դա մեր Ազգային ժողովում է։ Դա Ազգային ժողով չէ, դա խայտառակություն է, ողբերգություն։ Ողբերգություն է այն առումով, որ մեր ժողովուրդը արժանի չէր դրան, թեև ասում են, որ ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրածին։ Հիմա իշխանության որակը որոշվում է ժողովրդի որակով։ Բայց այս ընտրության ժամանակ խորքային հաշվարկ տեղի չունեցավ։ Այս ազգային ժողովն այսպես ձևավորվեց, որովհետև նախկին ռևանշիստական, բանդիտական, ժողովրդի ծայրահեղ ատելությունը վաստակած ուժերը ասպարեզ դուրս եկան։ Եվ նրանք ասպարեզ դորս եկան Փաշինյանի մեղքով։ Մինչդեռ նրանք դրա իրավունքը չունեին։ Նրանց տեղը բանտն էր։ Բայց ասպարեզ եկան ու ընտրությունը դարձավ սևերի ու սպիտակների կռիվ, բովանդակային ընտրություն չեղավ ։ Իսկ եթե նրանք ասպարեզ չգային, շատ լավ ընտրություն կլիներ, 5-6 քաղաքական ուժ կանցներ Ազգային ժողով ու նրանք խնդիրներ կդնեին, հարցեր կլուծեին։ Շատ առողջ ուժեր կային ու նրանց տեղը հենց Ազգային ժողովում էր ու հիմա այս վիճակը չէր լինի։ Այս խուժանությունը, փողոցային ռազբորկաները չի սազում ոչ հայ ժողովրդին, ոչ մեր պետականությանը։ Մեր ժողովուրդը սրան արժանի չէ ու այս վիճակը չի կարող երկար շարունակվել։
–Ընդդիմությունը միտումնավո՞ր է անում։ Թվում էր, թե կառավարության հնգամյա ծրագիրը պետք է ստիպեր լրջանալ։
-Այո, ընդդիմությունը միտումնավոր է անում։ Իրենք իրենց առաջ նպատակ են դրել ամեն ինչ փչացնել, կեղտոտել։ Ճանճը որ ընկնում է կաթի մեջ, կաթը թթվում է։ Նրանք չեն ուզում թողնել, որ մեր պետականության անիվը շարժվի առաջ։ Նրանք փայտ են դնում մեր պետականության անիվի արանքը։ Սա է իրենց նպատակը։
–Պարոն Մալխասյան, ընդդիմությունն ամենօրյա ռեժիմով թմբկահարում է Ազգային ժողովում անվտանգության ուժեղացման հարցը, անվտանգության այդքան աշխատողների ներկայությունը։ Վերջին միջադեպից հետո էլ էր դա քննարկվում։ Դուք տեղի՞ն եք համարում անվտանգության այդքան խստացված միջոցառումները։
-Մենք անցյալից պետք է դասեր քաղենք։ Քանի որ անցյալում նման բան է տեղի ունեցել Ազգային ժողովում, ապա հիմա պետք է զգուշանալ։ Հայաստանն այսօր ունի և արտաքին թշնամի, թե ներքին ուժեր, որոնք երկրին տրամադրված են թշնամաբար և գիտակցաբար, կամ անգիտակցաբար աջակցում են արտաքին թշնամուն։ Հիմա այդ ներքին թշնամի խառնամբոխը անցել է իշխանության թիկունքը և ամեն վայրկյան կարող է թիկունքից հարված հասցնել։ Հետևաբար ես գտնում եմ, որ շատ ճիշտ է ավնտանգության միջոցառումներ ձեռք առնելը։ Ժամանակին Վազգեն Սարգսյանն էր ասում, որ ոչ ոք չի համարձակվի իրենց մոտենալ։ Բայց տեսանք ինչ եղավ։ Հիմա նույնը կկրկնվի, եթե անվտանգության միջոցները չխստացվեն։ Նժդեհն ասում էր, որ, երբ վտանգված է ազգի ապագան, ժողովրդի վերջին խաղաթուղթը մնում է վերադաստիարակվելը։ Մեր ժողովուրդը այս ամենից պետք է հետևություններ անի, վերադաստիարակվի, արժեքները ճիշտ հասկանա ու գնահատի ու երբ նորից արտահերթ ընտրություններ լինեն՝ իր ձայնը տա այն ուժերին, որոնք պետք է այս երկիրը առաջ տանեն, ոչ թե հետ։
–Այսինքն սա հնարավորություն է, որ մարդիկ հասկանան, որ անթույլատրելի է նման Ազգային ժողով ընտրել։
-Այո։ Լավ հնարավորություն է, որ մարդիկ հասկանան իրենց սխալն ու աստիճանաբար ուղղեն այն։ Պետք է հուսալ, որ անպայմանորեն հաջորդ արտահերթ ընտրություններին մենք կունենանք ավելի կազմակերպված Ազգային ժողով։ Այնպիսին, ինչպիսին առաջին գումարման Ազգային ժողովն էր, որտեղ կային մտավորականներ, ճանաչված, կրթված ու արժեք ունեցող մարդիկ։ Փչացած, անկիրթ ժողովրդին հեշտ է կառավարել ու վերարտադրվել դրա արդյունքում։ Մենք այս անգամ ունեցանք հենց դա։ Ժողովրդի իշխանության որակը որոշվում է ժողովրդի որակով։ Սա է բանաձևը։ Հուսանք իսկապես հետևություններ կարվեն այս ընտրությունից։








































