«Ազգային ժողովում տեղի ունեցածին պետք է տրվի քաղաքական և իրավական գնահատական, բայց որևէ մեկն այս պահին դա անել չի կարող, քանի որ չունենք այնպիսի կառույցներ որոնք ի վիճակի կլինեն որոշում կայացնել ու գնահատական տալ։ Պետական համակարգերը վերջնականապես տապալված են այլևս»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ հավելելով, որ այլևս ոչինչ չի ակնկալում որևէ կառույցից։
Նշենք, որ արդեն մի քանի օր է կառավարության ծրագրի ներկայացումն Ազգային ժողվում զուգորդվում է միջադեպերով, պատգամավորների ծեծկռտուքով, փախադարձ հայհոյանքներով։ Խոչընդոտվում է նաև լրագրողների աշխատանքը Ազգային ժողովում։
Իրավապաշտպանի խոսքով՝ քաղաքական ուժերը ճիշտ կանեին քաղաքական գնահատական տային կատարվածին, քանի որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում և Ազգային ժողովում, պարզապես խայտառակություն է, ժողովրդավարությունից հետնահանջ.«Ու հիմա ամենամեծ խնդիրը նա է, որ ժողովրդավարությունից դեպի բռնատիրություն գնալու մասին խոսում են նրանք, ովքեր պետք է դատապարտված լինեին արդեն ժողովրդավարությունը Հայաստանում տապալելու համար։ Նրանք, ովքեր իշխանությունը զավթելու համար պատասխանատվության չենթարկվեցին, այսօր իրենց իրավունք են վերապահում խոսել բռնապետության մասին։ Բայց այս հնարավորությունը ստեղծվել է այս իշխանությունների ձեռամբ, իշխանությունների ձեռամբ այդ ուժերը վերարտադրվել են և հիմա խոսում են այնպիսի բաների մասին, որի բարոյական իրավունքը չունեն»,-ասաց Կարապետյանցը՝ ավելացնելով, որ այս իրավիճակը, բախումները ինչ-որ իմաստով նաև համաձայնեցված են իրար հետ ու դրանք նպատակ ունեն շատ ավելի կարևոր հարցերից ուշադրություն շեղել ու ինչ -որ պահից ՀՀ քաղաքացուն տեղեկացնել, որ այդ ընթացքում Հայաստանի հետ ինչ-որ բան է տեղի ունեցել։ «Ես համոզված եմ, որ սա պայմանավորված է։ Սա համաձայնեցված է բոլոր ուժերի կողմից։ Ընդունված բառապաշարով հնարավոր չէ գնահատել այս իրավիճակը»,-ասաց իրավապաշտպանը։
ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կողմ է սկսել պատգամավորին պատասխանատվության ենթարկելու գործընթաց։ Նրա խոսքով՝ դրա համար միակ իրավական ու արդյունավետ ճանապարհը էթիկայի հանձնաժողով ստեղծելն է։
Նրա խոսքով՝ պատգամավորների արարքին իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ է արարքը որակել՝ ելնելով մի քանի չափանիշներից՝ արդյոք արարքը ուղղված է եղել անձի դեմ, թե ուղղված է եղել հասարակության դեմ։ Եթե անձի դեմ է ուղղված արարքը, ապա պետք է դիտարկել՝ այդ անձը մարմնական վնասվածք ստացել է, թե ոչ։ Եթե մարմնական վնասվածք չկա, ապա արարքում բացակայում է քրեական օրենսգրքով արգելված որևէ արարք։ Իսկ եթե հանրության դեմ է արարքը, ապա խուլիգանության հատկանիշներ պետք է դիտակել։ Սակայն այս դեպքում խոսք է գնում պատգամավորի ոչ վայելուչ պահվածքի մասին, որի համար պատասխանատվություն է սահմանվում ԱԺ կանոնակարգ օրենքով։ Ըստ դրա, պետք է պարտադիր ստեղծել էթիկայի հանձնաժողով, որը պետք է մշտական բնույթ կրի։ Այդ հանձնաժողովին կարող է դիմում ներկայացնել ցանկացած անձ, այդ թվում լրագրողները։ «Կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովը պետք է քննարկի բոլոր պատգամավորների վարքագիծը, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Ազգային ժողովում անթույլատրելի է։ Բոլոր պատգամավորները, ովքեր թույլ են տվել պատգամավորի վարքագծի խախտում, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Այն մթնոլորտը, որը ներկայումս ԱԺ-ում է, անթույլատրելի է։ Այն բացասական հետևանքներ կառաջացնի միջազգային հանրության աչքերում, բացասական հետևանք կունենա մեր տնտեսության վրա, խնդիրներ կառաջացնի արցախյան հարցի կարգավորման առումով։ Պետք է հրատապ ստեղծել էթիկայի հանձնաժողով։ Ես ինքս պատրաստ եմ ստորագրել էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշման տակ, եթե ինձ էլի մարդիկ միանան»,-ասաց նախկին պատգամավորը։
Մեր դիտարկմանը՝ էթիկայի հանձնաժողովը կարո՞ղ է, ի զորու կլինի՞ զսպել ընդդիմության սադրանքները, Բաղդասարյանը պատասխանեց. «Ընդդիմադիր խմբակցությունները ի սկզբանե տրամադրված էին այս մթնոլորտը ստեղծելու համար։ Իրենք ամեն օր սադրանքների են դիմում նման իրավիճակ ստեղծելու համար։ Հետևաբար պետք է դիմել բոլոր իրավական մեխանիզմներին, որպեսզի այս ամենին գնահատական տրվի։ Այդ իրավական ճանապարհներից է էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է քնարկի տվյալ պատգամավորների վարքագիծն ու վիրավորական արտահայտությունները։ Այդ հանձնաժովն ունի բավականին մեծ լծակներ ինչպես պատասխանատվության ենթարկելու պատգամավորներին։ Այդ թվում՝ գումար գանձել պատգամավորների աշխատավարձից ու զրկել մանդատից։ Ճիշտ ճանապարհը դա է։ Նման վարք դրսևորող պատգամավորը եթե հասկանա, որ զրկվելու է մանդատից, դա կանխարգելիչ միջոց կլինի իր համար, որ ապագայում նման քայլերի չդիմի»,-եզրափակեց պատգամավորը։







































