ՀՀ ՔԿ-ն հայտնում է, որ Թալինի բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքի արթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, կատարվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ մահվան պատճառը (պատճառները) պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ.
«2021թ. օգոստոսի 20-ին Թալինի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կեսարյան հատումից հետո բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել՝ ծնված 1990թ.:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ հերթապահ բուժանձնակազմը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ծննդկանի մահվան պատճառը (պատճառները) պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:










































