Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից օրերս Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են. գյուղի սահմանները ներկայում անպաշտպան են, իսկ Եղցահողի բնակելի տները շփման գծից հեռու են ընդամենը 1,5 կմ։
Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող գյուղերը պատերազմից հետո մնացել են հայկական վերահսկողության տակ։ Ավելի վաղ Հին Շեն և Մեծ Շեն գյուղերի սահմաններից էին հանվել հայկական զինծառայողները, իսկ օրերս՝ նաև Եղցահողի սահմաններից։
Ըստ որոշ տեղեկությունների, կա ինչ-որ պայմանավորվածություն, որ պետք է ադրբեջանցիներն էլ 3 կիլոմետր հետ քաշվեն, բայց այս պահի դրությամբ դեռ իրենց տեղում են: Ռուս խաղաղապահներն ասել են, որ իրենք են պահելու այդ դիրքերը, բայց նրանք միայն ցերեկային պարեկային հսկողություն են անում, գիշերային հերթապահություն չկա:
Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց. «Այո, ես տեղեկացված եմ, որ մեր պաշտպանության բանակն էնտեղից հանված է, ռուս խաղաղապահներն են գնում շրջում: Ես ամեն դեպքում վտանգ տեսնում եմ, որովհետև թշնամուն հավատալ ու վստահել չի կարելի: Գոնե ռուս խաղաղապահները գիշերն էլ հերթապահություն իրականացնեն, թե չէ ադրբեջանցիներից ամեն ինչ սպասելի է: Հնարավոր է ամեն րոպե մտնեն, դուրս գան: Պետք է ավելի զգոն լինենք»;
Հարցին, թե արդյոք խաղաղապահների առկայությունն անվտանգության երաշխիք տալի՞ս է. տեսակետ կա, որ Մոսկվան ավարտին է հասցնում Շուշիի շրջանի փոխանցումը Բաքվին, Արծվիկ Սարգսյանն ասաց. «Ես չեմ կարող ասել: Տարբեր ձևի լուրեր են գնում, որ իբրև դեռ ռուսները լավ են տրամադրված, պետք է ավելի լավ լինի: Թե մեզ են հույս տալիս, ես չգիտեմ: Բայց այսօր հայերի ձեռքերը կապված են և եթե ռուսներն էլ չլինեն, ամեն րոպե ամեն ինչ կարող է լինել, մեծ ընդհարումներ և այլն: Եթե հիմա ընդհարում լինում է, ռուսների միջամտությամբ կանխվում է»:
Շուշիի քաղաքապետն ասաց, որ Հին շեն, Մեծ շեն, Եղցահող գյուղերի բնակիչները կան, քանի որ այդտեղի բնակչությունը պատերազմի օրերին էլ գրեթե չէր տարհանվել. «Եթե անգամ հեռացողներ եղել են, ապա հիմա վերադարձել են: Այնտեղ մի գյուղ էլ կա, որտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարվում, որ բնակիչները վերադառնան»:
Ինչ վերաբերում է նրան, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը հրադադարից մեկ ամիս անց անցան Ադրբեջանի վերահսկողության տակ և հայ զինծառայողներ գերեվարվեցին, հնարավո՞ր է նույնը լինի նաև Շուշիի գյուղերի հետ, Արծվիկ Սարգսյանն ասաց. «Եթե դա տեղի ունեցավ, կարող ենք համարել, որ Արցախի հարցը միակողմանի լուծված է: Արդեն կկտրվի կապը Հայաստանի հետ, դա Բերդաձորի այն ճանապարհն է, որը կապում է Արցախը մայր Հայաստանի հետ: Եթե այդքանը եղավ, դառնում է, որ Ալիևը հասնում է իր նպատակին: Ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա: Ինչ գնով էլ լինի, դա պետք է պահել»:
Նա անդրադարձավ նաև Ալիևի ռազմատենչ հայտարարություններին, թե Սևանն ու Զանգեզուրի միջանցքը վերցնելու են երկրորդ փուլում. «Ցավոք, Ալիևին համարժեք պատասխան չեն տալիս: Վերջերս պաշտպանության նախարարը զսպող հայտարարություն արեց, գոնե նման բարձր ամբիոնից, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հայտարարություն անեն, ասեն՝ ձենդ կտրի, ախր դուք էն ազգն եք եղել, որ դեմներս չոքած եք եղել, 1990-ականներին փախչում էիք: Հայերը 4-5 պետության դեմ է կռվել, դրա համար այս արդյունքն ունենք: Հիմա իրենք մի քիչ ոգևորված են, մեր ազգն էլ մի քիչ ընկճված է, բայց այսպես չի կարելի շարունակել, պետք է ոտքի կանգնենք և թշնամու դեմն առնենք: Նրանք վախկոտ են, եթե հայերին մի քիչ դուխ տան, դրանց դեմը կառնեն: Հիմա խոսակցություններ կան, որ ադրբեջանցիներն ասում են՝ ռուսին էլ ենք մենք կարգադրում: Դրանց ինչքան դուխ տան, այնքան ավելի են լկտիանալու: Բարձր ամբիոններից մեր պաշտոնյաները պետք է հայտարարություն անեն, որ հանգիստ մնա տեղդ, միևնույն է, սա վերջնական լուծում չի»:











































