Ռուսաստանի արտգործանախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իր օգոստոսի 24-ին հունգարական կողմի հրավերով այդ երկիր մեկնող ՌԴ արտգործնախարար Լավրովը քննարկելու է նաև արցախյան հարցը: Լավրովը հունգարացի գործընկերոջ հետ քննարկելու է ուկրաինական խնդիրը, Եվրամիության հետ հարաբերությունների հարց, ու նաև Արցախի հարցը: Ի՞նչ է քննարկելու Լավրովը Հունգարիայի հետ արցախյան թեմայով: Մի թեմա, որի առնչությամբ Հունգարիայի դերակատարության հիշատակումը, առնվազն առերևույթ, առնչվում է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի հետ, որը 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ դասընթացների ժամանակ գիշերը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականին Հունգարիան հանկարծ որոշում կայացրեց Սաֆարովին Բաքվին արտահանձնելու վերաբերյալ, թերևս կասկած իսկ չունենալով, որ Սաֆարովին Բաքվում սպասվում է ազատություն և պատիվներ, հերոսացում և այլն: Հետո մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ ադրբեջանա-հունգարական գործարքի հարցում մեծ դերակատարում է ունեցել նաև ծագումով ադրբեջանցի ռուսաստանյան միլիարդատեր Իլհամ Ռահիմովը, որը նաև ՌԴ նախագահ Պուտինի համակուրսեցին է:
Խոսվում էր այն մասին, որ Սաֆարովի արտահանձնման «գինը» 3 միլիարդ դոլար է, որ կստանա Հունգարիան այսպես ասած ներդրումների տեսքով: Հայաստանում ՀՀԿ և այլ մերձիշխանական կառույցների երիտասարդներ ձվեր նետեցին Հունգարիայի հյուպատոսության վրա, Հայաստանը խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունը, իսկ Սերժ Սարգսյանը ցուցադրական խորհրդակցության ընթացքում հայտարարեց, թե հատուկ հանձնարարություն ունի ԱԱԾ պետ Գորիկ Գուրգենիչին: Այդ հանձնարարությունն ու դրա ճակատագիրը այդպես էլ մնացին անորոշ: Հիմա, ի՞նչ է քննարկելու ՌԴ արտգործնախարար Լավրովը Հունգարիայի հետ արցախյան թեմայով: Հունգարիան, ի դեպ, նաև թյուրքալեզու պետությունների կազմակերպության դիտորդ անդամ է: Ընդ որում, այդ կազմակերպությունում դիտորդական կարգավիճակի հավակնություն ունի նաև Ռուսաստանը:











































