«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը
Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, ով եղել է Արարատ Միրզոյանի խորհրդականը, Ձեր Հայաստան այցից հետո, գրառում է արել, որտեղ գովերգել է Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին և քննադատել իշխող խմբակցության պատգամավորներին: Մյուս կողմից ընդդիմադիր պատգամավորներից Աննա Մկրտչյանն էլ հայտարարել է, թեր Հայաստանի իշխանությունները բերման են ենթարկել Ձեզ Հայաստանի խորհրդարան, որպեսզի դուք հայտարարեք, որ Արցախի հարցերով հանձնաժողովի անհրաժեշտություն չկա: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները:
Նախ, ոչ ոք ինձ չի կարող բերման ենթարկել: Եթե այդ մարդիկ ուշադրությամբ հետևում են, ես առաջին անգամ ուզում եմ բարձրաձայնել, որ Արցախի նորօրյա պատմության մեջ ամենաանկախ ԱԺ նախագահը ես եմ: Եթե մարդիկ կային, որոնց կարող էին բերման ենթարկել, ապա դա Արթուր Թովմասյանը չէ: Դա է պատճառը, որ 1990-ականներին ես ընդամենը 2 տարի աշխատեցի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում: Հիմա մի մարդ, ով 25 տարի, իր գիտակցական կյանքը ներդրվել է Արցախի դատին, մի մարդ, որ եթե Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծվեր, ողջույնի խոսք կհղեր այդ հանձնաժողովին, մի մարդ, որ Հայաստանի Ազգային ժողովի նորընտիր նախագահի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է, որ 107 պատգամավորներն են Արցախի հարցով հանձնաժողովի անդամները, մի մարդ, որը իր շնորհավորանքի խոսքն է փոխանցել նորընտիր ԱԺ-ի նախագահին, փոխնախագահներին, հանձնաժողովների նախագահներին, խմբակցությունների ղեկավարներին, ես ասել եմ, որ ՀՀ-ում ինձ համար չկա ընդդիմադիր և իշխանամետ պատգամավոր, ընդդիմադիր և իշխանամետ խմբակցություններ, բոլորն ինձ համար ներկայացնում են Հայաստանի խորհրդարանը: Եվ Արցախի հարցը պետք է շատ տաք պահել խորհրդարանում:
Արդյոք այսպիսի հայտարարություններով սեպ չեն խրում Հայաստանի և Արցախի միջև:
Ես, օրինակ, կցանկանայի հանդիպել Աննա Մկրտչյանի հետ և կարծում եմ՝ մեր առաջին հանդիպումից հետո բոլոր խնդիրները կանցնեն: Ես չգիտեմ՝ իրեն որտեղից նման ինֆորմացիա, բայց ինձ ոչ ոք չի կարող բերման ենթարկել: Ինձ բերման կարող են ենթարկել միայն այն դեպքում, եթե ես հանցագործություն կատարեմ: Այ, եթե հիմա ես վեր կենամ, գամ Երևան, ապա կպնդեմ, որ Աննա Մկրտչյանն ինձ բերման է ենթարկել:
Կարո՞ղ ենք արձանագրել, որ երիտասարդ պատգամավորը չի ճանաչում ձեզ:
Ոչինչ: Ես ուրախ եմ, որ Աննա Մկրտչյանը մտածում է, բայց թող ուսումնասիրի, տեսնի, որ ես զբաղեցնելով տարբեր պաշտոններ, միշտ էլ ասել եմ, որ Հայաստանի ԱԺ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, նույնիսկ առաջարկություններ եմ արել, անգամ այն ժամանակ, երբ հայ-թուրքական արձանագրություններն օրակարգում էին: Հիմա Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այդ հարցը թող դրական եզրակացությամբ ներառի ԱԺ օրակարգում: Եղել է հայտարարություն, որ պատերազմը վերսկսելու դեպքում կճանաչեն Արցախի անկախությունը: Ես ասել եմ, որ Հայաստանի բոլոր առաջնորդներն էլ հնարավորություն ունեին Արցախի անկախությունը ճանաչելու: Ի՞նչ է նշանակում՝ բերման են ենթարկել: Ի՞նչ է, չգա՞մ Հայաստանի Ազգային ժողով: Այս պատերազմի հետևանքով մենք ոչ միայն տարածքներ ենք կորցրել, ոչ միայն զոհեր ու ռազմագերիներ ենք ունեցել, նաև ավերվել է երկու եղբայրական հանրապետությունների Ազգային ժողովների միջև բնականոն աշխատանքները: Ես ՀՀ ԱԺ նորընտիր նախագահին ասել եմ՝ ինչպես հիմնաքարը դնենք, այդպես էլ կըթանան մեր աշխատանքները: Ես ասել եմ՝ հենց առաջին գումարումից սկսած լավ ավանդույթներ կան, դրանք պետք է պահպանել: Ես ասել եմ նորընտիր ԱԺ-ին, որ գալչկայի համար մենք հանդիպումներ չպետք է ունենանք, որովհետև ամեն մի վայրկյանը, ամեն մի ժամը թանկ է մեր ապագայի կերտման համար; Ես ասել եմ, որ Հայաստանի ԱԺ-ի բոլոր խմբակցությունների 107 պատգամավորները ասելիք ու անելիք ունեն: Ինձ համար զարմանալի չէ, որ նորընտիր ԱԺ-ն այդպես սկսվեց, որովհետև բոլոր գումարումների ժամանակ էլ նախընտրական հռետորաբանությունը մտնում է խորհրդարան: Ես նաև չեմ զարմանա, որ լինի անգամ ձեռնամարտ խորհրդարանում, աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ նման բաներ լինում են: Ես որպես երկարամյա պաշտոնյա խորհուրդ եմ տվել ՀՀ ԱԺ նորընտիր նախագահին, որ աչալուրջ լինի նիստերի ժամանակ: Ես ընդամենը ասել եմ, թե ինչպես եմ տեսնում մեր համագործակցությունը:
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը առանձնացրել է ընդդիմություն պատգամավորների իր խոսքով բարձր մարդկային որակները՝ Հայկ Մամիջայնա, Էլինար Վարդանյան, Արմեն Գևորգյան, Արմեն Ռուստամյան: Մյուս կողմից նա հայտարարել է, որ նոր ԱԺ-ում երկու իրարամերժ աշխարհընկալումներ կան. առաջինը՝ անցած տարվա պատերազմի արդյունքները հանգիստ ընդունող, համազգային շարունակվող խայտառակությունը ամեն գնով արդարացնող, ծանր իրավիճակում հանրությունը համախմբող և ոչ ստանդարտ լուծումներ առաջարկելու ցանկություն (գուցեև կարողություն) չունեցող մեծամասնությունը և, երկրորդը՝ հայության բոլոր հատվածների համար ստեղծված իրավիճակի լրջությունը գիտակցող, անցած տարվա կործանարար պատերազմից ճիշտ եզրակացություններ անելու, համարձակ լուծումներ առաջարկելու, ազգային միաբանության մթնոլորտ ձևավորելու ցանկություն ունեցող և պետական կառավարման համակարգում դրական փորձի և բարձր պատրաստվածության երիտասարդների ճիշտ համադրությամբ փոքրամասնությունը, որ այսօր ընդդիմությունն է: Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ-ի հասցեին Արցախից հնչող այսպիսի գնահատականները:
Ես կարծում եմ, որ բոլոր խմբակցություններում էլ կան գրագետ պատգամավորներ: Ճիշտ չէ որակել՝ էս մեկը լավն է, մյուսը վատը: Եթե Աշոտ Ղուլյանի համար այնտեղ երկու խմբակցություն կա, ինձ համար ընդհանրապես այնտեղ խմբակցություն չկա: Ինձ համար կան 107 պատգամավորներ և ինձ համար միշտ այդպես է եղել: Ես բոլորի հետ պատրաստ եմ զրուցել, բոլորին պատրաստ եմ ընդունելու ԱԺ-ում: Արցախի ԱԺ նախագահը կաշկանդված չէ ընդունելու ընդդիմության առաջնորդներին Ստեփանակերտում, իր գրասենյակում: Մի հատ հարց տվեց Աշոտ Ղուլյանին՝ ինքը կարո՞ղ էր իր ժամանակ ընդունելու ընդդիմադիրներին, ես չգիտեմ, իրեն հարց տվեք:
Դուք կարծում եք, որ սեպտեմբերի 2-ին բոլոր պատգամավորները պետք է լինեն Արցախո՞ւմ:
Դուք կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ ես եղել եմ իշխանության մեջ, ընդդիմադիր պատգամավորը եկել է Արցախ և հանկարծ ես իր հետ չեմ զրուցել: Նույնիսկ այն տարիներին, երբ իշխանության մեջ գտնվողները ընդդիմադր պատգամավորներին չէին տանում երկրի նախագահի մոտ, ո՞վ պետք է տանի, Արթուր Թովմասյանը: Ընդ որում, Արթուր Թովմասյանը եղել է և ընդդիմադիր պատգամավոր, և իշխանամետ պատգամավոր: Ցանկացած պետության զարգացման համար շատ կարևոր է, որ իշխանությունը իր թիկունքում զգա ընդդիմության շնչառությունը, որովհետև առանց ընդդիմության լճացում ենք ապրելու բառիս բուն իմաստով:











































