Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Գազայի հատվածի հյուսիսի Բեյթ-Լահիա քաղաքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Անօդաչուն արձակել է առնվազն 2 հրթիռ, որոնք ավերածություններ են առաջացրել։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Վերջին անգամ Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակումների մասին հաղորդվել էր հուլիսի 25-ին։ Այդ ժամանակ հարվածներ էին հասցվել ՀԱՄԱՍ շարժման մարտական թևի ուսումնամարզական ճամբարներին։ Նույն օրը պաղեստինյան խմբավորումը պատասխան կրակ էր բացել հրեական պետության ավիացիայի ուղղությամբ։ Մինչ այդ, հուլիսի 24-ին, պաղեստինցի դեռահաս էր զոհվել, առնվազն 146 մարդ՝ վիրավորվել Իսրայելի զինվորականների հետ բախումների հետևանքով։











































