2011 թ. առաջին կիսամյակում արձանագրվել է 20,102 կենդանի ծնունդ, ինչը 2010 թ. առաջին կիսամյակի համեմատ նվազել է 4.4%-ով: Նույն ժամանակաշրջանում գրանցվել է մեռելածնության 444 դեպք, 2010 թ. առաջին կիսամյակի համեմատ աճը՝ 4.5%, մահվան դեպքերը կազմել են 14,743, տարեկան աճը՝ 3.2%, մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը՝ 261, տարեկան աճը՝ 1.2%: Ժողովրդագրական այս ցուցանիշներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքով, բնական հավելաճի ցուցանիշն այս տարի նվազել է 20.5%-ով և կազմել է 5,390 դեպք՝ 2010-ի 6 ամիների 6,739 դեպքի համեմատ: 2011-ին ամուսնության դեպքերն աճել են 7.2%-ով՝ կազմելով 9,364 ամուսնական գրանցում՝ 2010-ի 8,732-ի համեմատ: Ամուսանալուծություների դեպքերն աճել են 6.9%-ով`կազմելով 1,575՝ 2010-ի 1,474-ի համեմատ:
ՀՀ բնակչության մշտական թվաքանակը 3 մլն 264 հgզ. 400 մարդ է, որը տարեսկզբի համեմատ աճել է 3,800 մարդով, 2010-ի հուլիսի նկատմամբ աճը՝ 11,800 մարդ:
2010 թ. ծնելիության մակարդակի դեպքում 15-49 տարեկան յուրաքանչյուր կին մեր երկրում ծնում է 1.6 երեխա: «Պարզ վերարտադրության համար, որ գոնե ամուսնական զույգը վերարտադրվի, այդ ցուցանիշը պետք լինի 2.1»,- ասաց Կ.Կույումջյանը:
Ծնելիության ցուցանիշը Երևանում, Արագածոտնում և Կոտայքում գերազանցում է միջին հանրապետական 12.4 պրոմիլը (1000 բնակչության հաշվով երեխաների ծնունդը), իսկ Վայոց Ձորում, Լոռու մարզում և Շիրակում՝ զիջում: Մահացության ցուցանիշի միջին հանրապետականը՝ 9.1, գերազանցվում է Լոռու մարզում, Շիրակում և Տավուշում: Կ. Կույումջյանը հայտնեց, որ ամուսնության ցուցանիշների մասով, բացի Երևան քաղաքից, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերից, մյուս մարզերում աճ է արձանագրվել, իսկ ամուսնալուծությունը նորից ամենաբարձրը Լոռիում է և Երևանում:
«Աշխատունակ տարիքից բարձր բնակչությունը երկրում 11.5% է: ՄԱԿ-ի համաձայն, 7-8%-ից բարձրի դեպքում ծերացման գործընթացը համարվում է սկսված»,- նշեց Կ. Կույումջյանը:
Նա հրապարակեց նաև աղջիկների և տղաների անունների թոփ-տասնյակը՝ Մանե, Միլենա, Էլեն, Անի, Մարի, Աննա, Մարիամ, Նարե, Անահիտ, Մերի և Նարեկ, Դավիթ, Գոռ, Էրիկ, Հայկ, Տիգրան, Ալեն, Արման, Սամվել և Ալեքս: Այս տարվա 5 ամսում ծնվել է 8,977 տղա, 7,661 աղջիկ. 100 աղջկան բաժին է ընկնում 117 տղա:










































