Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի քարտեզագրության պետական կոմիտեն բողոք-նամակ է հղելու Google ընկերությանը։ Վերջինս տիեզերքից արված լուսանկարների հիման վրա կազմած քարտեզում Լեռնային Ղարաբաղի ու դրան հարակից տարածքների բնակավայրերի անունները նշել է դրանց ոչ թե ադրբեջանական, այլ՝ հայկական տարբերակով։
Ադրբեջանի քարտեզագրության պետական կոմիտեի ներկայացուցիչ Ռաֆիգ Հուսեյնլին հայտարարել է, որ ցայժմ իրենք բազմիցս ականատես են եղել Google ընկերության նմանատիպ քայլերին։ Նա նշել է, որ իրենք Google ընկերության վերջին գործողության մասին իրազեկել են նաև Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանն ու այլ պետական մարմիններին։
Մասնավորապես, նշվում է, որ Google ընկերության Марs ծառայությունն «օկուպացված» տարածքներում իրականացրել է հետևյալ անվանափոխությունները. Ֆիզուլի-Վարանդա, Զանգելան-Կովսական, Քելբաջար-Քարվաճառ, Աղդամ-Ակն, Գուբադլի-Սանասար, Լաչին-Բերձոր, Ջաբրաիլ-Ժրական։ Իսկ բուն Լեռնային Ղարաբաղում արված փոփոխությունները հետևյալն են. Խանքենդի-Ստեփանակերտ, Աքդերե-Մարտակերտ, Խոջավենդ-Մարտունի։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակ բողոքում է Google ընկերության տարբեր ծառայություններից։ Մոտ 10 օր առաջ նա հայտարարեց, թե Google ընկերությունը «խոշոր սխալ» է գործել՝ կապված Ադրբեջանի հետ։ Google-Voice ձայնային ծառայությունը Լեռնային Ղարաբաղի տարածքն ընդգրկել է Հայաստանի տարիֆային ցանկում։ Դրա հետ մեկտեղ, ծառայությունն Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում առաջարկում է հեռախոսային ծառայություններ։
Իսկ դրանից մոտ 2 շաբաթ առաջ ադրբեջանական կողմն աղմուկ բարձրացրեց Google ընկերության թարմացված քարտեզի պատճառով (Google Maps)՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի քարտեզում բազմաթիվ բնակավայրեր նշվել են միայն հայերեն անուններով, իսկ նախկին ադրբեջանական անունները չքացել են։
Մեկուկես ամիս առաջ էլ ադրբեջանական կողմը վայնասուն էր բարձրացրել Google Translate թարգմանիչ ծրագրի կապակցությամբ, որը Qarabag բառը ադրբեջաներենից տարբեր լեզուներով թարգմանում էր որպես Armenia:






































