Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է արել Պաշտպանության նախարարության աշխատակազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ հանդիպման ժամանակ, որոնց ներկայացրել է նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին։
«Ուզում եմ շատ հստակ լինի և կարծում եմ հրապարակային հայտարարություններից էլ բոլորդ այդ եզրակացություններն արել եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Եվ ի՞նչ է անում Ադրբեջանը. փորձում է այս թեմային ավելացնել կոմպոնենտներ, որոնք իրենց բովանդակությամբ անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար»,–ասել է նա։
Նա նշել է, որ նկատի ունի, մասնավորապես, միջանցքի մասին խոսակցությունները: Փաշինյանի խոսքով` բոլորը պետք է իմանան, որ ՀՀ տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Հայաստանին ճանապարհային կոմունիկացիաներն ավելի անհրաժեշտ են, քան Ադրբեջանին․«Այս տեսանկյունից՝ զուտ տնտեսական նպատակահարմարությունը կարծես թե հասկանալի է։ Միևնույն ժամանակ իհարկե պարզ է, որ այդ տնտեսական նպատակահարմարությունը պետք է կապակցվի նաև քաղաքական նպատակահարմարությանը, այսինքն՝ համահունչ լինի Հայաստանի քաղաքական օրակարգին։ Այդ տեսանկյունից էլ՝ կոմունիկացիաների ապաշրջափակումը առանց որևէ այլ հարցի կապակցվածության, բխում է Հայաստանի շահից։ Մասնավորապես այն իմաստով, որ Ադրբեջանն այդ հեռանկարը կապակցել է, այսպես կոչված, միջանցքի հարցին ու դա դարձրել է պայման»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Բադալյանի՝ եթե Հայաստանին հաջողվի առանց որևէ նախապայմանի հասնել կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա դա կարող է որոշակի քաղաքական հաջողություն դիտվել Հայաստանի համար․«Այս իմաստով՝ կարծում եմ, որ կարևոր է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը, առավել ևս, որ այդ հաջողությունը կարող է սահմանափակվել միջանցքային օրակարգը խաղարկելու Ադրբեջանի հնարավորությունները»։
Մեր զրուցակիցն ընդգծում է, որ քաղաքական ողջախոհության շրջանակում սկզբունքային դիմադրություն չի լինի կոմունիկացիաների ապաշրջափակմանը․ «Կրկնում եմ՝ եթե դա տեղի է ունենում առանց Հայաստանին որևէ քաղաքական նախապայման թելադրելու։ Այսինքն՝ չկապակցելով արցախյան հարցի կարգավորման հեռանկարի։ Չեմ պատկերացնում, որ որևէ ուժ այդ պարագայում դեմ լինի Հայաստանի այս օրակարգին»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքյով՝ Հայաստանի տնտեսական զարգացման համար կոմունիկացիաների բացումը շատ կարևոր նշանակություն ունի․«Բայց չպետք է մոռանանք, որ ունենք անվտանգության խնդիր և Հայաստանն առաջին հերթին պետք է մտածի անվտանգության մասին։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ այդ հարցերը փոխկապակցված են և հավաբանար ՀՀ վարչապետը ունի տեսլական, թե ինչպես է կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի ունենալու՝ առանց անվտանգային ներուժի նվազեցման»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Ղևոնդյանի՝ եթե տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն Հայաստանը կկարողանա Ռուսաստանի հետ կապվել Ադրբեջանի միջոցով՝ բեռների փոխադրման համար․ «Դա այնուամենայնիվ այլընտրանք կլինի Վրաստանին ու Հայաստանին տնտեսական զարգացման հնարավորություն կտա»։










































