Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես է եկել Facebook և Twitter սոցիալական ցանցերի նկատմամբ հսկողություն իրականացնելու նախաձեռնությամբ:
Euronews-ի հաղորդմամբ՝ նման ձևով Քեմերոնը ցանկանում է հետագայում կանխել հնարավոր զանգվածային անկարգությունները:
«Նորագույն տեխնոլոգիաները աշխատում են մեր օգտին: Լրագրողներին հաջողվել է նկարահանել անկարգությունների մասնակիցներին: Եթե նրանցից ոմանք դեռ ազատության մեջ են, չի նշանակում, որ նրանց չենք գտնելու. մենք բոլորին դեմքով ենք ճանաչում: Մենք մտադիր ենք որոշ վեբ-կայքերի նկատմամբ վերահսկողություն սահմանել, քանի որ հենց այդ կայքերով են տարածվել անկարգություններ կազմակերպելու կոչերը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը:
Լոնդոնում սկսված և արդյունքում ամբողջ երկրով մեկ տարածված զանգվածային անկարգությունների մասնակիցների ձերբակալությունները շարունակվում են:
Ձերբակալվածների շարքերում հայտնվել է մի ուսուցչուհի, որը միլիոնատիրոջ աղջիկ է է բարեգործական կազմակերպության աշխատակից, ինչպես նաև 11 տարեկան մի երեխա:









































