Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանի Գեղարքունիքի սահմանային հատված կատարած այցը, որ տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, Հայաստանի համացանցում արժանացել է մեծ ուշադրության, նկատելի ոգևորությամբ, դիտարկելով դա որրպես Հայաստանի դիրքորոշման աջակցություն: Իրականում, այդօրինակ ընկալումները քիչ աղերս ունեն առկա իրադրության և ռեգիոնալ իրավիճակի հետ, ինչը սակայն ամենևին էլ Իրանի հանդեպ անբարյացկամ կամ դժկամ վերաբերմունքի պատճառ կամ առիթ չէ: Պարզապես, ինչպես օրինակ Ֆրանսիայից, նույն կերպ և Իրանից, ու ընդհանրապես որևէ այլ կարևոր ռազմավարական գործընկեր կամ բարեկամ երկրից պետք չէ ունենալ իռացիոնալ, չափազանցված սպասումներ, միակողմանի դիրքորոշման ակնկալիքներ:
Իրանը որևէ պարագայում չի ունենա Հայաստանին միակողմանի աջակցող դիրքորոշում, անգամ քաղաքական հայտարարությունների մակարդակում, ինչպես օրինակ Ֆրանսիան: Իրանի համար հատկապես այժմ կան լրջագույն խնդիրներ, որոնցում Թուրքիան ու Ադրբեջանը ունենալու են էական նշանակություն: Ըստ այդմ մտածել, թե հնարավոր է դիտարկել Թեհրանի դիրքավորումը Անկարայի և Բաքվի հակադիր գոտում, այդ թվում Հայաստանի սահմանին՝ պայմանականորեն սահմանին իհարկե, քաղաքական անմտություն կամ անհամարժեքություն է: Փոխարենը քաղաքական անհրաժեշտություն է մտածել Իրանի հետ համարժեք, ներդաշնակ, համադրելի այլընտրանքային օրակարգ ձևավորելու մասին, որը Թեհրանի հետ հարաբերության հարցում էական մրցունակություն կհաղորդի Հայաստանին: Այստեղ էլ թերևս հիմնարար նշանակություն ունի երկկողմ օրակարգից բացի, էական աշխատանք տանել առնվազն ռեգիոնալ նշանակության օրակարգի՝ Վրաստան-Հայաստան-Իրան «գծի» ուղղությամբ: Ընդ որում, այդ օրակարգը պետք է կառուցել իհարկե առանց ընդգծված այսպես ասած թուրք-ադրբեջանականության կամ ռուս-թուրքականության, որովհետև այդ հանգամանքը Իրանի ներգրավվածության ռեժիմի տեսանկյունից լինելու է խնդրահարույց:
Պարզապես պետք է ձեռնամուխ լինել «ինքնաբավ» օրակարգի զարգացմանը, առանց որևէ աշխարհաքաղաքական հակադրելիության: Այդ իմաստով, ամիսներ առաջ ի դեպ Հայաստանում տեղի էր ունեցել Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան ձևաչափի աշխատանքային քննարկում, այդ թվում հեռավար բաղադրիչով, կապված Պարզից ծոց-Սև ծով գաղափարի հետ: Ազդարարվեց, որ ամփոփիչ հանդիպումը տեսանելի ապագայում կլինի Բուլղարիայում: Հետաքրքիր է, թե ինչ շարժ կա այդ ուղղությամբ, և արդյո՞ք իրավիճակը սպասման ռեժիմում է Իրանի նոր նախագահի պաշտոնամուտի առնչությամբ:










































