ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի իրանագետ Մհեր Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջրս սկսված իրանա-ադրբեջանական փոխադարձ սպառնալից հայտարարություններին: Մհեր Բաղդասարյանի խոսքերով Իրանը ժամանակ առ ժամանակ նման սանձող հայտարարություններ է անում, որպեսզի Ադրբեջանը իրականության գիտակցությունը չկորցնի:
Բաղդասարյանը նշեց, որ այդ հայտարարությունների հիմքը գալիս է Իսլամական կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի արած այն հայտարարությունից, որ Ադրբեջանը բազմաթիվ միջազգային կառույցների անդամ է և քաղաքականությունը միանշանակ իսլամական չեն:
«Մի անգամ չէ, որ Իրանի կողմից նման հայտարարություն հնչել է, բնականաբար Իրանը շատ լավ հասկանում է Ադրբեջանի կողմից իրեն սպառնացող վտանգը»,- կարծիք հայտնեց Բաղդասարյանը պարզաբանելով, որ այդ վտանգը գալիս է մասնավորապես Ադրբեջանում մեծացող Արևմտյան ազդեցությունից, ինչպես նաև կապված արցախյան հարցի հետ: Բաղդասարյանը նշեց, որ ազատագրված տարածքներում խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը չափազանց կարևոր է նաև Իրանի համար, քանզի դրանք անվտանգության գոտի են ոչ միայն Հյաստանի, այլ նաև Իրանի համար. «Բնականաբար Իրանին ձեռնատու է, որ տարածքում լինեն հայկական ուժերը, քան թե Ադրբեջանական կամ նամանավանդ Արևմտյան ուժային կառույցների ներկայացուցիչներ»:
Մհեր Բաղդասարյանը ընդգծեց, որ Իրանի կողմից Ադրբեջանի իսլամական քաղաքականության վերաբերյալ արված հայտարարությունների հիմքը լուրջ է և հիշեցրեց մի քանի տարի առաջ Ադրբեջանի իրականացվող մզկիթների ապամոնտաժման ծրագիրը, որին ի պատասխան Իրանը սպառնաց ջիհադով, հիջաբի արգելքի հետ կապված բարձրացած ադրբեջանական հիստերինան: Իրանագետը նկատեց, որ Ֆիրուզաբադի հայտարարության մեջ ավելի շատ խոսվում էր Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների զարթոնքի մասին. «Իմ կարծիքով նա ուղակիորեն խոսում էր թալիշների մասին և Ադրբեջանը բնականաբար շատ լավ գիտակցում է, թե ինչքան վտանգավոր է իր համար այս ազգային խնդիրը և գիտի, որ այս հարցը Իրանի կողմից միշտ ուշադրության կենտրոնում է և վերջինս կարող է դա օգտագործել Ադրբեջանում որոշակի լարվածություն պահելու և որոշակի լծակներ ձեռք բերելու»:
Բաղդասարյանը նաև նկատեց, որ թեև ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Իրանի արտգործնախարարությունը հերքել է Ֆիրուզաբադի հայտարարությունը, սակայն դեռևս հարց է, թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը. «Ես հետևել եմ իրանական լրատվամիջոցներին4 և նման հերքում չկա, սակայն իրանական լրատվամիջոցները նաև չեն հաստատել, ու նշված չէ նաև, թե ինչ միջոցառման ժամանակ է արվել այդ հայտարարությունը»:
Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Սեյիդ Հասան Ֆիրուզաբադին օրերս ադրբեջանական ժողովրդի ու ադրբեջանական ղեկավարության հասցեին սպառնալից հայտարարություն է հնչեցրել: Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ իր հերթին իրանական կողմին զգուշացրել է չմիջամտել հարևան երկրի ներքին գործերին և բողոքի նոտա է հղել նրան։








































