Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի մայրաքաղաք Մումբայում շենքի փլուզման հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են, հաղորդում է ANI գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
«Մումբայի Հովանդի շրջանում շենքի փլուզման հետևանքով 7 մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել», – հայտարարել են իրավապահները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի օդերևութաբանական բյուրոն տագնապի կարմիր մակարդակ է հայտարարել Մումբայում ուժեղ անձրևների կապակցությամբ:
Տեղատարափ անձրևների պատճառով քաղաքում էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման խափանումներ են: Վատ եղանակը հանգեցրել է նաև սողանքի, որի հետևանքով Չեմբուրի շրջանում մի շարք հետնախորշերի պատեր փլուզվել են, մահացել է 17 մարդ, ևս երկուսը տուժել են: