Քաղաքական փոքրամասնության կշիռը ԱԺ-ում՝ մանդատների ներկայացվածության տեսանկյունից պետք է լինի այնքան, որ իշխանական խմբակցությունը չունենա 3/5-րդ։ Այս մասին ՍԴ նիստին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով որպես երրորդ անձ ներգրավված ՔՊ ներկայացուցիչ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ-ում քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումները՝ մեկ վարույթով։ ՍԴ-ի կողմից արդեն իսկ սահմանվել է դիմումների ներկայացման հաջորդականությունը, համաձայն որի՝ առաջինը բացատրությամբ հանդես կգան դիմումատուները, հետևյալ հաջորդականությամբ՝ «Հայաստան» «Զարթոնք», «Հայոց Հայրենիք», «Պատիվ ունեմ» դաշինքը, ապա՝ պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն, հարակից պատասխանողները և երրորդ անձը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները։











































